«Ռադիոյի հետ կապված բոլոր որոշումները ես եմ կայացրել». Փաշինյանը դատապարտում է Մազմանյանի կալանավորումը

«Ես ուզում եմ արձանագրել, որ տեղի է ունենում թավշյա ոչ-բռնի հեղափոխություն, և բոլոր նրանք, ովքեր շտապում են, ես կոչ եմ անում նրանց աջակցել հեղափոխությանը, որպեսզի դա արագ ավարտվի և բոլորը գնան իրենց գործերին», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ոստիկանների այն դիտարկումներին, թե ցույցի մասնակիցները սահմանափակում են այլ մարդկանց իրավունքները։

Ընդգծելով, որ երեկ աննախադեպ թվով՝ 125 մարդ է բերման ենթարկվել, Փաշինյանը կոչ արեց դա «չդիտարկել սարսափելի ինչ-որ մի բան»։ «Բերման ենթարկվելը նույնպես քաղաքացիական անհնազանդության մի դրսևորում է», - ասաց ընդդիմադիր գործիչը։

Դիտարկմանը, թե Հանրային ռադիո մուտք գործելու դեպքով ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվել է, Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Ես դատապարտում եմ էդ որոշումը, ես ասացի, որ ռադիոյի հետ կապված բոլոր որոշումները ես եմ կայացրել՝ անձամբ ես, և եթե իրավապահ մարմիններն ասելու բան ունեն, թող ինձ ասեն։ Բայց հասկանալի է, որ նրանց խնդիրն է, այսպես ասած, ակցիաների մասնակիցներին ճնշել, որովհետև խնդիրը ես չեմ, խնդիրը մարդիկ են, որովհետև առանց մարդկանց՝ քաղաքացիների մասնակցության էս գործը ոչ մի արժեք չունի։ Հասկանալի է, որ տակտիկական նկատառումներով ոչ թե ինձ են թիրախավորում, այլ թիրախավորում են մասնակիցներին՝ բերման ենթարկելով։ Բայց ես բոլորին կոչ եմ անում չտրվել այդ տեռորին, որովհետև, նորից եմ ասում, սա ժողովրդական թավշյա հեղափոխություն է, որն ալիքաձև տարածվում է, որը հաղթելու է»։

Հարցին, թե չի՞ կարող դա իր հետևանքներն ունենալ շարժման վրա, այդ երիտասարդին հիմա ծանր պատժաչափով վճիռ կարող է սպառնալ, Փաշինյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ չեն հասցնի իրադարձություններն այդ ուղղությամբ զարգացնել, և կարծում եմ, որ իրադարձությունները կզարգանան բոլորովին այլ ուղղությամբ, և մենք առաջիկա օրերին դա կտեսնենք»։

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կասկածվում է, մասնավորապես, Հանրային ռադիոյի շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու և շենքի գույքը վնասելու, ոչնչացնելու մեջ:

Երեկ ուշ երեկոյան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Մազմանյանին։