Հայերը Մոսկվայում հարթակ չեն գտնում բողոքի ակցիաների համար

Հայաստան - Ապրիլի 18-ի հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում

Պաշտոնական Մոսկվան վստահ է, որ Հայաստանում սկսված բողոքի ալիքը կհանդարտվի խաղաղ ճանապարհով և օրենքների շրջանակներում:

Երեկ արձագանքելով Երևանում շարունակվող հանրահավաքներին՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ - «Մենք վստահ ենք, որ իրավիճակը բարեկամական Հայաստանում կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով և իրավական դաշտում»:

Հայաստանյան իրադարձությունները լուսաբանում է ռուսական մամուլը, իսկ ռուսաստանաբնակ հայերն էլ ուշադրությամբ հետևում են երթերին և հանրահավաքներին ուղիղ եթերների միջոցով, այդ թվում նաև՝ «Ազատության» եթերում:

Մարգարիտա Բեգլարյանը մեկն է այն մի քանի տասնյակ ակտիվիստներից, որոնք Մոսկվայում տարբեր բողոքի ակցիաներ են կազմակերպում, սակայն այդ ակցիաներին մասնակցում է միայն մի քանի տասնյակ մարդ, և հարթակ նման բողոքի ակցիաների համար Ռուսաստանի մայրաքաղաքում դժվար է գտնել, ասում է ակտիվիստը:

«Բոլորովին անծանոթ հայ մարդիկ՝ Մոսկվայից, մերձմոսկովյան քաղաքներից, ինտերնետով իրար հետ կապվելով՝ որոշեցինք առաջին անգամ հանդիպել հայկական դեսպանատան մոտ, որպեսզի իրականացնենք մեր բողոքի ցույցը․ փաստորեն, դեսպանատան դռները մեր առջև փակվեցին: Երկրորդ օրը գնացինք հայկական եկեղեցի․ հայկական եկեղեցու բակում մեզ ասացին, որ չի կարելի հավաքվել, քաղաքականությամբ էստեղ չի կարելի զբաղվել: Հիմա մենք եկել ենք փողոցում կանգնած ենք: Մենք բոլորս սատարում ենք Հայաստանի ժողովրդին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բեգլարյանը:

«Մենք հարթակ չենք գտնում Մոսկվայում, որովհետև արտոնված ցույց անելու հնարավորություն մենք չունենք, որովհետև, երևի ինքներդ էլ հասկանում եք, որ Մոսկվայում դժվար է էդ արտոնագիրը ստանալ», - նշեց ակտիվիստը:

Հարցին՝ իսկ կա՞ն իրենց մոտ մարդիկ, որոնք այս իրադարձություններից հետո որոշել են վերադառնալ Հայաստան, նա դրական պատասխանեց․ - «Կան, կան, կան, հենց դրա մասին էինք խոսում, որովհետև մենք որ տեսնում ենք բոլոր դռները փակ են, մենք արդեն գալիս ենք էդ եզրակացության, որ ամենալավ օգնության ձևը Հայաստան գնալն է: Էստեղ տղաները արդեն իրենց ավտոները տանում են ստուգման, որ մեքենաներով գան Երևան»:

Մարգարիտա Բեգլարյանը հայտնեց, որ իրենց խմբին ինտերնետում միացել է ութ տասնյակից ավելի մարդ, կա նաև մեկ այլ խումբ, որում ընդգրկվածների հստակ թիվը նա չգիտի: