Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության կողմից շաբաթներ առաջ իրեն նվիրված պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից:Այդ մասին Սարգսյանը հայտարարեց գործադիրի այսօրվա նիստում:
Իր խոսքում, Սարգսյանն ընդգծեց՝ այդ առանձնատանը չեն բնակվել հանրապետության ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ նախագահները, իսկ իրեն առանձնատուն նվիրելու որոշման փաստարկները անվանեց «տրամաբանական» և հիշեցրեց, որ պաշտպանել է կառավարության այդ որոշումը:
«Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի բազկաթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ: Այսինքն՝ այսօր», - նշեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով․ - «Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ»
Վարչապետի որոշմանն արձագանքել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով արդեն մի քանի օր է՝ գլխավորում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող բազամահազար ցուցարարներին: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք հանրահավաքային պայքարի արդյունք է համարում, որ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարվել առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից, Փաշինյանը ասաց․- «Ես հանրահավաքային պայքարի արդյունք կհամարեմ, երբ որ Հայաստանում տեղի ունենա թավշյա հեղափոխություն և ավարտին հասնի այդ հեղափոխությունը: Էդ մնացածը կարևոր, բայց ոչ էդքան ստրատեգիական բաներ են»:
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ երկրում ստեղծված իրավիճակին: ՀՀԿ գործադիր մարմնի անդամը ուշագրավ հայտարարություն արեց, պնդելով, որ եթե ընդդիմադիրները շրջափակում են կառավարության շենքերը, որպեսզի աշխատակիցները չկարողանան ելումուտ անել, դա ինքնին չի կոչվում խաղաղ ակցիա: - «Իրավունքը այդ հարցին պատասխանում է՝ այո [բռնություն առկա է], որովհետև իրավունքը դոգմատիկ չէ և կապ չունի, թե դուք ինչ եք դրսում գոռում, որ դուք բռնությանը դեմ եք: Բայց փաստը մնում է փաստ՝ շենքերը շրջափակվել են և աշխատակիցները չեն կարողացել գնալ, մարդիկ չեն կարողացել ստանալ ծառայություն, որը պետք է ստանային պետական մարմիններից և այլն: Որոշ դեպքերում սա կարող է նաև ունենալ աղերսներ Քրեական օրենսգրքի հետ»:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նաև պնդեց, որ անցկացվող ցույցերը օրինական չեն․ - «Որովհետև դու պարտավոր ես իրազեկես, օրինակ՝ երթի պարագայում թե՛ ժամանակացույցը, թե՛ երթուղին: Եվ եթե որևէ բան փոխվում է, դա պահանջում է նոր իրազեկում, հակառակ դեպքում համարվում է, որ հանրահավաքի մասին իրազեկում չկա: Ինքնին այս մասը արդեն խոսում է այն մասին, որ ցույցը օրինական չէ: Նշանակո՞ւմ է արդյոք, որ այդ ցույցը պետք է ցրվի՝ ոչ: Մենք տարբեր կատեգորիաների մասին ենք խոսում: Այն ենթադրում է որոշակի վարչական պատասխանատվություն, բայց ինքնին դեռ չի նշանակում, որ այն պետք է ցրվի: Բայց կա՞ն դեպքեր, երբ պետք է ցրվի: Այո՛: Եվ էական չէ, թե ցույցի մասին իրազեկում եղե՞լ է, թե ոչ: Ցրելու համար բացարձակապես այլ հիմքեր են անհրաժեշտ և օրենքը շատ հստակ դրա մասին ասում է: Կա՞ն արդյոք նման հիմքեր: Որոշ դեպքերում, իմ կարծիքով, այո՛, եղել են»:
Միևնույն ժամանակ, Դավիթ Հարությունյանի խոսքով՝ երկխոսության հնարավորությունը Նիկոլ Փաշինյանի հետ դեռևս սպառված չէ․ - «Քաղաքական երկխոսությունը դրանք կոմպրոմիսներ են, դրանք համատեղ քննարկումներ են, երբեմն շատ ցավոտ: Քաղաքական դիսկուսիաները՝ իշխանություն – ընդդիմություն, շատ հաճախ տեղի են ունենում փակ դռների հետևում: Ես կարծում եմ, որ այդ երկխոսության հնարավորությունը դեռևս սպառված չէ, որովհետև սա է առավել արդյունավետ եղանակը»: