Ընդդիմադիրները բացատրություն են պահանջում, թե ինչու են ոստիկանները տեղափոխվում երթուղային տաքսիներով

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները Երևանի քաղաքապետարանից բացատրութուն են պահանջում, թե ինչու է հանրային տրասպորտը դուրս բերվել երթուղիներից և ուղևորներին սպասարկելու փոխարեն ոստիկանական ուժեր է տեղափոխում:

«Ազատության» տեսախցիկը այս օրերին արձանագրել է, որ թիվ 31 և 58 երթուղիների միկրոավտոբուսներով ոստիկաններ են քաղաքով շրջում: Այս երթուղիների համարներով միկրոավտոբուսներ էին երեկ կանգնած Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, ինչպես նաև դեպի Երևանի քաղաքապետարան տանող Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա:

Երեկ, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն ու աջակիցները շրջափակել էին նաև քաղաքապետարանի շենքը:

Այսօր արդեն այդ նույն երթուղիները սպասարկող միկրոավտոբուսները Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ էին, որտեղ առավոտից ցուցարարներն էին:

«Ազատության» հետ զրույցում ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն ապօրինություն որակեց այս ամենը: Հարությունյանը նախ ընդգծեց, որ ոստիկանության բյուջեն վերջին տարիների անընդհատ աճում է՝ հասնելով տասնյակ միլիարդների, և եթե ոստիկանությունը մեքենայի պակաս է զգում, նշանակում է այդ գումարներն ուղղակի մսխվում են, իսկ կոռուպցիան՝ բարգավաճում:

«Եվ ամենաթողության պայմաններում հանրութանը սպասարկող մեքենան հայտվում է ոստիկանության ձեռքում», - հավելեց Հարությունյանը՝ նշելով, որ հարցը բարձրացրել է երթուղայինների աշխատանքը վերահսկող «ԵրևանՏրանս» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարության մոտ և ստացել ուշագրավ պատասխան․ - «Ոստիկանությունը այդ գծի որոշ երթուղայիններ հանել է, ասել է՝ արտակարգ իրավիճակ է, տրամադրեք մեզ երթուղային տաքսիները, և հիմա օգտագործում են որպես ոստիկանների տեղափոխման միջոց: Եվ ի՞նչ է նշանակում, որ արտակարգ իրավիճակ է, ո՞վ է ասել, որ արտակարգ իրավիճակ է․․․ նման հայտարարություններ ո՛չ հնչել են, ո՛չ հրամաններ են եղել, և նման գործողությունները շատ հստակ ապօրինություններ են»:

«ԵրևանՏրանս» փակ բաժնետիրական ընկերությունում երեկ են իմացել այս մասին:

«Ազատության» հետ զրույցում ընկերության փոխտնօրեն Մարտին Քալաշյանը փոխանցեց, որ գծատերերը խիստ նկատողություն են ստացել․ - «Շատ խիստ դրել ա, որ դրանք հետ բերեն: Իրանք էլ պատճառաբանում են՝ տնօրենը, որ ոստիկանները մոտեցել են վարորդներին, իրանք տեղյակ չեն եղել, վարորդներին ստիպողական ասել են՝ պիտի քշեք էսինչ տեղերը, էդ մարդն էլ քշել ա: Բայց մեր տնօրենը շատ խիստ զգուշացրել է իրենց, որ էդ մեքենաները հետ բերեք երթուղի մտնի, աշխատի, և չկրկնվի նմանատիպ բան»:

«Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչու են նույն երթուղային տաքսիներն այսօր շարունակում աշխատել, Քալաշյանը արձագանքեց, թե այսօրվա մասին տեղեկություն չունեն և խոստացավ արագ զեկուցել տնօրենին:

Նա ասաց, թե դեռ գիտեն ինչ պատասխանատվության կենթարկվեն գծատերերը՝ չբացառելով տույժեր-տուգանքները, և շտապեց տեղեկացնել. - «Մենք քաղաքականության մեջ չկանք»:

Ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, այդուհանդերձ, վստահ է, որ իշխող էլիտային սպասարկող օլիգարխների մատն այստեղ խառն է․ - «Ակնհայտ է, որ որևէ օլիգարխի կամ իշխանամերձ որևէ շրջանակին պատկանող գիծ է: Գուցե մի զանգ է եղել ոստիկանությունից, ասել են՝ տրամադրի երթուղային տաքսի, տրամադրվել է»:

Նշված երթուղիների միկրոավտոբուսները սպասարկում են «Դավիթ երթուղային տաքսի» և «Ուղևոր Տար» ընկերությունները: 31 համարը սպասարկում է Դավթաշեն - Ջրվեժ երթուղին՝ անցնելով նաև այս օրերին մի քանի անգամ ցուցարարների կողմից փակված Հալաբյան, Կիևյան, Կոմիտաս փողոցներով: 58-ը՝ Նոր Նորքի 8-րդ զանգված - Կիևյան կամուրջ երթուղին:

Երևանի քաղաքապետարանից և «ԵրևանՏրանս» փակ բաժնետիրական ընկերությունից «Ազատությանը» տվյալներ չհայտնեցին գծատերերի մասին: Պետռեգիստրի տվյալների համաձայն, «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ-ի հիմնադիրը Մուրադ Օհանյանն է, «Ուղևոր Տար»-ի հիմադիրը՝ Քնքուշ Վարդանյանը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մուրադ Օհանյանն աշխատում է Գլխավոր դատախազությունում:

Երևանի քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ դրանք մասնավոր ընկերություններ են, և քաղաքապետարանն այստեղ անելիք չունի: Մեր դիտարկմանը, որ ընկերությունները լիցենցիա ստանալու համար մրցույթ են անցել, քաղաքապետարանի լրատվության վարչությունից արձագանքեցին, թե վատ աշխատանքի հիմք և ապացույց չունեն՝ լիցենզիայից զրկելու համար:

Ընդդիմադիր «Ելք»-ում, սակայն, ավելի քան վստահ են՝ քաղաքապետարանը պարզապես աչք է փակում այս ամենի վրա, մինչդեռ կարող էր միջամտել:

Նկատենք, որ ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը գրությամբ դիմել է քաղաքապետին՝ հասկանալու, թե ինչ իրավական հիմքերով են միկրոավտոբուսները տրամադրվել ոստիկանությանը:

Քաղաքապետարանից տեղեկացանք, որ դեռ չեն պատասխանել հարցմանը: