Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ «վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխություների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են»:
«Այս առումով անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները: Ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորելու, պետականաշինության նոր փուլը բնականոն ընթացքի մեջ դնելու, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգը ամբողջացնելու, պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, մասնակցային ժողովրդավարություն ապահովելու պարտավորություն ունենք բոլորս», - ասված է հայտարարությունում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով: