Ռուբեն Բաբայան․ Երիտասարդությունն ուզում է ոչ միայն անձի, այլ համակարգային փոփոխություններ

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր վերջին օրերի հայաստանյան իրադարձությունների շուրջ զրուցել են Ռուբեն Բաբայանը և Նիկոլայ Ծատուրյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ վերջին 7 օրերի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում տեղի ունեցող ցույցերին և բողոքի ակցիաներին՝ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը շեշտեց, որ իշխանությունները պիտի շատ լուրջ մտորումներ ունեն այս կապակցությամբ, քանի որ պարզ է դառնում, որ հենց երիտասարդությունն է ուզում ոչ միայն անձի, այլ համակարգային փոփոխություններ:

Բաբայանի համոզմամբ, իշխանությունները մինչև վերջին օրերը բացարձակապես անհաղորդ են եղել երիտասարդության մեծ մասի խնդիրներին ու պահանջներին․ - «Անկեղծորեն ասած, բացարձակապես չէր հետաքրքրում, թե ինչ է ուզում երիտասարդությունը, ինչ երկրում է ուզում ապրել: Իշխանությունը երիտասարդության մասին իր պատկերները սահմանափակել էր կուսակցականացված բուհերի խորհուրդներով, որը պարզապես էլի նախկին կյանքից կոմսոմոլի կրկնությունն է: Եվ կարծում եմ, որ պետք չէ խաբվել և կենտրոնանալ այն բոլոր կոչերի վրա, որոնք վերաբերում են զուտ անձին: Իրականում երիտասարդությունն ուզում է համակարգային փոփոխություններ: Սա է կարևորը»:

Նրա կարծիքով, մինչև վերջերս «բացարձակապես անտեսված» այս երիտասարդության բողոքի հուժկու ցույցերը չեն կարող անարդյունք անցնել, իշխանությունը պիտի վաղ թե ուշ երկխոսության նստի նրանց հետ․ - «Խոսքը գնում է վերջիվերջո մեր երկրի ճակատագրի մասին: Կարելի է գնալ և ռադիկալ քայլերի․․․ կարելի է հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց իսկապես իրականացնել ընտրություն: Եվ կարծում եմ, որ մեժողականությունը, ում կողմից էլ դա լինի, իրականում լավ բանի չի բերի: Ես վատ բան ասելով նկատի չունեմ անպայման արյունահեղություն: Հիասթափությունը ոչ պակաս տխուր երևույթ է»:

Ռուբեն Բաբայանը շեշտում է, թե քանի որ իշխանությունը մինչև այժմ չէր հասկացել այս նոր սերնդի, երիտասարդության պահանջները, գաղափարները, ցանկությունները, չի էլ հասկանում երիտասարդության բողոքի, այս մասշտաբային ընդվզման պատճառները և փորձում է այս ամենն ինչ-որ դավադրությունների վերագրել․ - «Պետք չէ ման գալ դավադրություն: Երիտասարդները ուզում են փոխել կյանքը: Սա ամենակարևորն է: Այս կյանքը չի բավարարում երիտասարդներին: Այս ասիական խանության մոտեցումները մեզ համար օտար են, մենք ուրիշ ժողովուրդ ենք: Երբեք չի կարելի ժխտել երկխոսությունը, բայց ամենակարևորը՝ թե ինչի շուրջ պետք է տեղի ունենա երկխոսությունը: Պետք է կայանա էլի որոշակի առևտրի՞ շուրջ՝ կտանք էս, կվերցնենք էն, թե՞ պարզապես ինչ համակարգային փոփոխություններ ենք մենք ուզում և ինչ երկրում ենք ուզում ապրել: Որովհետև կապ չունի․ վաղը եթե Նիկոլը լինի և նույն համակարգը լինի, ի՞նչ տարբերություն, նույն հաջողությամբ իրեն կմերժեն: Մենք պետք է ապրենք 21-րդ դարում՝ 2018 թվականի՞ն, թե՞ մենք պետք է ապրենք անցյալ դարի 60-ական կամ 70-ական թվականներին: Իրականում Սովետական Միությունը շարունակում է ապրել, և մեր քաղաքական էլիտան այդպես էլ չզգաց, որ այս նոր սերունդը այդ միության հետ կապ չունի»:

ՀՀ ժողովրդականր արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը շեշտեց, որ ուշի-ուշով հետևում է վերջին օրերին տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և իր համար ակամայից մի հարց է առաջ գալիս․ - «Մենք չհոգնեցի՞նք նույն սխալը կատարելուց․․․ անընդհատ դուրս ենք գալիս, անընդհատ բողոքում ենք, հետո լռում ենք, ամեն ինչ շարունակվում է նույն ձևով: Էս իշխանությունները չհոգնեցի՞ն նույն ձևով կառավարել: Մեզ ասում են, որ մենք հիմա պատերազմական վիճակում ենք, գեոպոլիտիկ վիճակը մեր շատ բարդ է․․․ Շատ ներողություն՝ մեկ քառորդ Հայաստան կազմող Իսրայելը նույնպես պատերազմական վիճակում է, նույնպես գեոպոլիտիկ շատ վատ վիճակում է, բայց երկիր են պահում, և էդ երկիրը տեսնում ենք, թե ինչպես է հզորանում աստիճանաբար»:

Ռուբեն Բաբայանը հավելեց․ - «Եթե ներքևից չլինի պահանջ փոխել համակարգը, վերևները երբեք դրան չեն գնալու: Ինձ համար այսօր, անկախ նրանից, թե ինչպես կավարտվի, սա արդեն հաղթանակ է: Որովհետև ներքևները ներկայացնում են համակարգային պահանջի փոփոխություն․․․ Եվ առաջին անգամ է, որ ուզում են փոխվի համակարգը, որովհետև մինչ այդ հիմնականում ամենաամպագոռգոռ հայտարարությունների ներքո պարզապես իշխանափոխություն էին պահանջում: Հիմա այս երիտասարդների մեջ արդեն մտած է, որ համակարգը պետք է փոխվի, և նրանք, ովքեր մտածում են, որ այնտեղ Նիկոլ Փաշինյանն է թելադրում ամեն ինչ, սխալվում են: Պարզապես Նիկոլ Փաշինյանն ունի քթի ծակ և կարողանում է շատ ճիշտ կողմորոշվել: Այդ հատկությունը պետք է ունենան բոլոր քաղաքական գործիչները՝ սովորելու, նոր ձևեր ընկալելու, տեսնելու, այլ ոչ պարզապես աթոռին նստել և ասել՝ դե, որ ժողովուրդ ինձ չի սիրում, ես էլ իրեն չեմ սիրում»: