Ոստիկանները իրավունք չունեն զենք գործածելու խաղաղ ցուցարարների նկատմամբ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում

Այսօր առավոտից ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Երևանի Հանրապետության հրապարակի շուրջ:

Հանրապետության հրապարակում է Հայաստանի կառավարության շենքը, շրջակայքում էլ մի շարք նախարարությունների և այլ գերատեսչությունների շենքեր են:

Հիշեցնենք՝ Հայաստանի երրորդ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքի ժամանակ կոչ է արել առավոտյան շրջափակել կառավարության շենքը, շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները:

Փաշինյանը արդեն Հանրապետության հրապարակում է և լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ոստիկանները իրավունք չունեն զենք գործածելու խաղաղ ցուցարարների նկատմամբ: «Իհարկե ապօրինի է [զենքի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ], դա բոլոր միջազգային կոնվենցիաներով է այդպես, հո նորությո՞ւն չի: Բռնի գործություն չկատարող ցուցարարի նկատմամբ զենք կիրառելը ո՞րն է», - շեշտեց նա:

Այդպես ընդդիմադիր գործիչը հակադարձեց գիշերը ոստիկանության տարածած հայտարարությանը, ըստ որի, մասնավորապես, «պետական կառավարման մարմինների շենքերը հանդիսանում են պահպանվող օբյեկտներ, որոնց անվտանգությունն ապահովող իրավապահ մարմինների աշխատակիցների պարտականությունն է պաշտպանել օբյեկտները՝ դրանց վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս ընդհուպ հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք կիրառելով»: