Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր կրկին բազմամարդ հանրահավաք անցկացրեցին Երևանի Հանրապետության հրապարակում:
Փաշինյանը իր ծավալուն ելույթում ամփոփեց օրվա ընթացքում անցկացված քաղաքացիական անհնազանդության ակցիաները և հրապարակեց վաղվա գործողությունների պլանը՝ մասնավորապես նշելով, որ թիրախը լինելու է Կառավարության շենքը:
«Վաղը, ի տարբերություն այսօրվա, մենք պետք է շատ շուտ արթնանանք և ուղիղ ժամը 8-ին հավաքվենք այստեղ: Ինչի՞ համար․ մենք պիտի փորձենք անել հետևյալը՝ շրջափակել կառավարական մի շարք շենքերի մուտքերը, որպեսզի աշխատողները չկարողանան ներս մտնել», - մանրամասնեց ընդդիմադիր գործիչը: - «Վաղը Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է այ այս շենքում: Էնպես որ, արժի, արժի, արժի՝ վաղը ժամը 8-ին գալ այստեղ», - հավելեց Փաշինյանը:
Ընդդիմադիր գործիչը աջակիցներին նաև հորդորեց շարունակել քաղաքացիական անհնազանդության մյուս գործողությունները, իսկ ելույթի ավարտին հայտարարեց երթի մեկնարկը դեպի Բաղրամյան պողոտա: