Ժամը 14-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 72-ի

Այսօր առավոտյան ոստիկանությունը, փակելով Ֆրանսիայի հրապարակ տանող փողոցները, բերման ենթարկեց այնտեղ գտնվող ցուցարարներին։

Մինչ ոստիկանները փորձում էին բացել հրապարակը և բերման էին ենթարկում ցուցարարներին, Բաղրամյան փողոցում գտնվող Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի ակցիայի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ու նրան ուղեկցող ցուցարարները հասան Ֆրանսիայի հրապարակ։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարվեց պարզաբանումներ տալ կատարվելիք գործողությունների մասին։

Օսիպյանը «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին ասաց, որ փորձում են վերականգնել երթևեկությունը:

Նազարյանի դիտարկմանը, թե հավաքն ինքնաբուխ է և օրինականության մեջ կարող է տեղավորվել, Օսիպյանը հակադարձեց․ - «Ձեր գործողություններով անհամաչափ սահմանափակում եք քաղաքացիների իրավունքները: Նրանք իրավունք չունեն ազատ տեղաշարժվեն, և մենք դա վերականգնում ենք»:

Օսիպյանը նաև պարբերաբար հորդորում էր լրագրողներին ազատել փողոցը՝ պնդելով, թե իրենք օրինական գործողություններ են կատարում։

«Ազատության» հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի խոսնակ Աշոտ Ահարոնյանը փոխանցեց՝ ոստիկանությունը մայրաքաղաքում անցկացվող ապօրինի հավաքների վայրերում «իրականցնում է հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման գործողություններ»․ - «Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում երթևեկությունը խոչընդոտող և քաղաքացիների իրավունքները սահմանափակող գործողությունները կանխելու և խափանելու ուղղությամբ: Այն անձինք, ովքեր հավաքի վայրերում խոչընդոտում են ոստիկանության օրինական գործողություններին, բերվում են ոստիկանության բաժիններ՝ ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար: Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերված անձինք անմիջապես ազատ կարձակվեն ոստիկանության բաժիններից»:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր ժամը 14-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերվել 72 քաղաքացի։