Ցուցարարները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան, ոստիկանները թույլ չտվեցին

Ցուցարարները փորձում են փակել Մաշտոցի պողոտան, Երևան, 18-ը ապրիլի, 2018թ․

Այսօր Երևանում ցուցարարները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան Ֆրանսիայի հրապարակին հարող հատվածում, ոստիկանները, սակայն, թույլ չտվեցին:

Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնեցին պողոտայի լայնքով՝ հետիոտնային անցումի վրա, և մի քանի րոպեով խոչընդոտեցին տրանսպորտի երթևեկությունը: Ոստիկանները, որոնք արդեն հեռանում էին տվյալ վայրից, վերադարձան և ուժով հեռացրեցին ցուցարարներին փողոցից՝ նրանցից մի քանիսին բերման ենթարկելով: Երթևեկությունը Մաշտոցի պողոտայում վերականգնվեց:

Հիշեցնենք, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարող ցուցարարները՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ապրիլի 13-ից փակել էին Ֆրանսիայի հրապարակը և մինչև երեկ այնտեղ գիշերում էին, հանրահավաքներ անցկացնում:

Երեկ Ազգային ժողովը վարչապետ ընտրեց, նախագահ Արմեն Սարգսյանն էլ՝ նշանակեց Սերժ Սարգսյանին: Ցուցարարները երեկոյան հանրահավաքը անցկացրեցին Հանրապետության հրապարակում և Ֆրանսիայի հրապարակում արդեն չգիշերեցին: