Քաղաքացին պատմում է, որ անհայտ անձինք առևանգել են իր մեքենան, իսկ ոստիկանությունը չի կանխել

Վարդգես Հայրապետյանը

2008 թվականին տեղի ունեցած բողոքի ցույցերի ակտիվ մասնակից Վարդգես Հայրապետյանը պնդում է, որ անհայտ անձինք արդեն 2 օր է՝ առևանգել են իր մեքենան, իսկ հանցագործության մասին հաղորդում ոստիկանություն այդպես էլ չի կարողացել ներկայացնել։

«Գնում էի գազալցակայան, որ մեքենան լիցքավորեի, սվետաֆորի տակ երկրորդ գծում ինչ-որ անձինք մեքենայիս դուռ բացում, նստում են մեջը, ներկայանում են ազգային անվտանգության աշխատակից: Պահանջում եմ ցույց տալ վկայականը, հրաժարվում են: Դրանից հետո մեքենաս քաշում են մայթի վրա: Ասում եմ՝ վկայականը ցույց տվեք, որ ես համոզվեմ, որ դուք աշխատակից եք, կարող ա՝ դուք մարդասպան եք: Իրենք հրաժարվում են ներկայանալ»,- պատմում է Վարդգես Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ ներկայացած անձինք այդպես էլ որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել, հետևաբար վստահ է, որ իր մեքենայի դռները բացած ու նստած մարդիկ անօրինական գործողություն են արել։ Այդ ողջ ընթացքը Հայրապետյանը նկարահանել է իր բջջային հեռախոսով։

Երիտասարդը պատմում է, որ ավելի ուշ քաղաքացիական հագուստով այդ անձանց է մոտենում Աշտարակի ոստիկանության ներկայացուցիչը, ով ևս չի կանխում հիշյալ անծանոթների գործողությունները: Նրանք, ի վերջո, Հայրապետյանին հեռացրել են սեփական մեքենայից ու հենց այդ մեքենայով էլ հեռացել անհայտ ուղղությամբ։ Միջադեպից հետո Վարդգես Հայրապետյանը գնացել է Աշտարակի ոստիկանություն և փորձել հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, սակայն, նրան հորդորել են հեռանալ։

«Ինձ մերժեցին, ասեցին՝ քո մեքենան գտնվում ա, սենց ասած՝ շտրաֆ-պլաշչադկում: Ասում եմ՝ եթե օրենքով վարչական իրավախախտման կայանում ա իմ մեքենան գտնվում, ուրեմն ես պետք ա ինչ-որ խախտում արած լինեմ, արձանագրությունը տվեք, որ ես գնամ իմ խախտման համար վճարեմ, իմ մեքենան վերցնեմ: Ասում են՝ մենք արձանագրություն չունենք»,- ոստիկանների արձագանքն է ներկայացնում երիտասարդը:

Քանի որ նախկինում միշտ մասնակցել է հանրահավաքների ու հատկապես ակտիվ է եղել 2008-ին, Հայրապետյանն այժմ կասկածներ ունի, որ իրավապահներն փորձել են կանխել իր մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ցույցերին։

Մինչ այս պահը Հայրապետյանը որևէ տեղեկություն չունի իր մեքենայի մասին։ Ոստիկանության լրատվական բաժնից «Ազատությանը» խոստացան կատարվածի հետ կապված ճշտումներ անել և տեղեկություններ հաղորդել:

Ավելի ուշ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետից տեղեկացանք, որ Վարդգես Հայրապետյանին ընդունել է Արագածոտնի մարզի դատախազությունում և պարզաբանել, որ վերջինս կատարել էր վարչական իրավախախտում (սխալ կայանում), որի հետևանքով ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Դատախազի այն հարցին, թե կան արդյոք այլ անձանց կողմից իրավախախտումներ, վերջինս նշել է՝ ոչ։