Ոստիկանությունը Երևան քաղաքում անցկացվող ապօրինի հանրահավաքների վայրերում իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման գործողություններ, մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում երթևեկությանը խոչընդոտող և քաղաքացիների իրավունքը սահմանափակող գործողությունները կանխելու և խափանելու ուղղությամբ, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էր ոստիկանությունից, թե ի՞նչ հիմքերով են ցուցարարները բերման ենթարկվում։
Ահարոնյանը նշեց, որ այն անձինք, ովքեր «հավաքի վայրերում խոչընդոտում են ոստիկանության օրինական գործողություններին», տարվում են ոստիկանության բաժիններ՝ վերջիններիս ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար։
«Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերված անձինք անհապաղ ազատ կարձակվեն ոստիկանության բաժիններից», - ասաց Ահարոնյանը։
Նշենք, որ այսօր ժամը 12։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի։