ՔԿ․ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործը վարույթ է ընդունվել

Հայաստանի քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը։

«2018 թվականի ապրիլի 17-ի ուշ երեկոյան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլի 18-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի [«Զանգվածային անկարգություններ»] 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որը նույն օրը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի վայրի զննությամբ վերցվել են կոտրված ցուցանակներ, ճանապարհային նշաններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, անկարգություններին մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, զննության են ենթարկվում դեպքի վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեսանյութերը, փոխանցում է Քննչական կոմիտեն՝ խոստանալով նախաքննության արդյունքների մասին տեղեկություն տրամադրել ավելի ուշ։

Հիշեցնենք՝ կեսգիշերն անց տեղեկություն ստացվեց, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում մի խումբ քաղաքացիներ անկարգություններ են իրականացնում։

Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են երկու տասնյակ երիտասարդներ կոտրում լուսացույցները, գովազդային վահանակները, ճանապարհային երթևեկության նշանները և նետում փողոց, նաև ոստիկանական մեքենաների ուղղությամբ երկաթներ են շպրտում։

Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարը ղեկավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այդ երիտասարդներն իրենց հետ կապ չունեն: