Սերժ Սարգսյանը «Ելք»-ին խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանին փողոցից բերել խորհրդարան

«Իմ շատ երիտասարդ գործընկերոջը, որը տեսնում եմ՝ քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով», - վարչապետ ընտրվելուց և խորհրդարանական ուժերին շնորհակալություն հայտնելուց հետո հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Այսօր կայացած հատուկ նիստում Ազգային ժողովը ձայների 76 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ:

Ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին կոալիցիոն ՀՅ Դաշնակցությունը հավանություն տվեց: Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է:

Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ էր արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը, սակայն երբ ընդդիմադիրների ջանքերը ձախողվեցին, Փաշինյանը հայտարարեց «ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Նրա գլխավորությամբ հազարավոր ցուցարարներ արգելափակեցին Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Վճռաբեկ դատարանի շենքերը, կառավարության նոր մասնաշենքը, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, Պետական եկամուտների կոմիտեի շենքը։

«Դուք ձեր բոլոր ջանքերը գործադրեք՝ ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը», - դիմելով ընդդիմադիր «Ելք» խմբակցությանը՝ ասաց նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը: - «Երբեք, որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պետք է գան և ԱԺ շենքում ձեր աշխատասենյակներում, ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր պատկերացումն է: Եթե ոչ, դուք հակառակ կողմում պիտի լինեք, դուք օրենքի կողմում պիտի լինեք», - հավելեց վարչապետը: