Իշխանությունն այսօր չունի իրեն արժանի ընդդիմությունը. Վահրամ Բաղդասարյան

Իշխանությունն այսօր չունի իրեն արժանի ընդդիմությունը, այսօր Ազգային ժողովում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ դա «բավականին վտանգավոր» որակելով։

Ըստ Բաղդասարյանի, ինչքան ուժեղ է ընդդիմությունն, այդքան ավելի զգոն է իշխանությունը։

«Որպեսզի մեր քաղաքական դաշտում ընդդիմադիր դաշտը կայանա, մեզ պետք է կառուցողական ընդդիմություն, լավը տեսնելու կարողություն ունեցող ընդդիմություն, թերությունները քննադատելու և իշխանությանը ստիպելու, որ իր հետ հաշվի նստի։ Այսօր մի կարծրատիպ է ձևավորվել, որ կարծես ով լավը նկատի, նա արդեն կորցնում է իր ընդդիմադիր կերպարը։ Ո՛չ, դա այդպես չէ, և այսօր պատահական չէ որ այն քաղաքական ընդդիմադիր գործիչները, որոնք որ կարողանում են կառուցողական իրենց քննադատությամբ դրական դատելով կարողանում են հարցեր բարձրացնել, այդ հարցերն ընդունելի է դառնում նաև հանրության և ժողովրդի կողմից», - ասաց Բաղդասարյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովի պատերից դուրս տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության գործողություններին, Բաղդասարյանն ասաց. - «Մենք այս ամբիոնից շատ հաճախ օրինակներ ենք բերում Արևմուտքի երկրներին և բոլորս ցանկություն ենք հայտնում, որպեսզի մենք այդ զարգացած երկրներին կարողանանք նմանվել, բայց դուք պատկերացնում եք հանկարծ, որ այդ զարգացած երկրներում, եթե նման ցույցեր և այդ ցուցարարները գրավեն այդ զարգացած երկրի Հանրային ռադիոն, մտնեն ուսումնական հաստատություն, դուռը, պատուհանը ջարդեն և անչափահաս երեխաներին հրահրեն որպեսզի դուրս գան միտինգի, մտնեն դատական համակարգի տարածք՝ մեր դեպքում Վճռաբեկ դատարանի տարածք և դատավորների մեքենաները ջարդեն, դուք պատկերացնում եք թե այդ զարգացած երկրների ոստիկանությունն ինչպես կվարվի՝ տեղում կտեսնի դատաստանը, իսկ այսօր մեր ոստիկանության կատարած աշխատանքը՝ համբերատար, պրոֆեսիոնալ աշխատանքն, այստեղ նույնպես քննադատության առարկա է դառնում։ Անհայտ ծագումնաբանությամբ մեկն ամենավերջին վիրավորանքը պետք է հասցնի ոստիկանին, իսկ ոստիկանը պետք է լռի և կանգնի։ Ի դեպ նշեմ, որ ցույցի կազմակերպիչը ևս գնահատում է ոստիկանների աշխատանքը, բայց այստեղ նստածները վախենում են դրականը տեսնել, որովհետև վախենում են, որ կկորցնեն իրենց ընդդիմադիր կերպարը։ Հրաժարվեք այդ մտքից, դա այդպես չէ»։

Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը, որի ընթացքում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը:

Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին կոչ էր արել շրջափակել կառավարական շենքերն ու կաթվածահար անել իշխանության աշխատանքը։