Այսօր կայացած հատուկ նիստում Ազգային ժողովը ձայների 76 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ:
Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է:
Ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին կոալիցիոն ՀՅ Դաշնակցությունը հավանություն տվեց:
Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ էր արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը, սակայն երբ ընդդիմադիրների ջանքերը տապալվեցին, Փաշինյանը հայտարարեց «ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Նրա գլխավորությամբ հազարավոր ցուցարարներ արգելափակել են Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Վճռաբեկ դատարանի շենքերը, կառավարության նոր մասնաշենքը, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, Պետական եկամուտների կոմիտեի շենքը։