Ժամը 12-ին Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստը, որի ընթացքում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը:
Նիստին ներկա է 90 պատգամավոր:
Ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին կոալիցիոն ՀՅ Դաշնակցությունը հավանություն տվեց:
Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է:
Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ էր արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները:
Այսօր առավոտյան ընդդիմադիրները Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացնում, փողոցներ փակում: Չնայած ընդդիմադիրների ջանքերին՝ նիստը մեկնարկեց և քվորումն ապահովված է: