Հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ, ովքեր հանդես են գալիս վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ, կրկին փակում են Երևանի կենտրոնական փողոցները՝ կաթվածահար անելով երթևեկությունը:
Ցուցարարների գործողություններին ընդառաջ՝ ոստիկաններն էլ իրենց հերթին արգելափակել են Ազգային ժողովին մոտեցող մի շարք փողոցներ:
Ցուցարարները փողոցները փակելու համար օգտագործում են աղբամաններ, նստարաններ և այլ առարկաներ, կամ ուղղակի նստում են ճանապարհի վրա՝ իրենց մարմիններով փակելով փողոցը: Որոշ քաղաքացիներ փողոցի մեջտեղում կանգնեցրել են իրենց մեքենաները, պատճառաբանելով անսարքությունները:
Ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ուսանողների, ովքեր փորձում էին արգելափակել երթևեկությունը Աբովյան փողոցում:
Այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ընդդեմ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրան փոխանցեց հավաքը դադարեցնելու՝ Ոստիկանության նախօրեին կայացրած որոշման ծանուցումը:
Փաշինյանը առանց ընթերցելու պատռեց Ոստիկանության ծանուցումը և դեն նետեց դրա կտորները:
Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները:
Նախօրեին ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մատույցներում, որի հետևանքով 46 մարդ մարմնական վնասվածքներ ստացավ:
Դատախազությունը նույն օրը հաղորդեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի խախտման հիմքով քրգործեր է հարուցել: Ոստիկանությունն էլ գիշերը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով ցույցերի կազմակերպիչներից «չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»:
Նշենք նաև, որ ցուցարարները չորրորդ գիշերն անցկացրեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որը փակել են ապրիլի 13-ին: