Այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ընդդեմ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրան փոխանցեց հավաքը դադարեցնելու՝ Ոստիկանության նախօրեին կայացրած որոշման ծանուցումը:
Փաշինյանը պատռեց Ոստիկանության ծանուցումը և դեն նետեց դրա կտորները:
Քիչ անց ցուցարարները՝ Փաշինյանի գլխավորությամբ, փակեցին Աբովյան փողոցը:
Ընդդիմադիր գործիչը նաև բոլոր քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ փողոցներ, փակել դրանք, մտնել պետական գերատեսչությունների շենքեր և նստացույց սկսել այդ շենքերում՝ առանց ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու:
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ցուցարարներից բերման ենթարկվածներ կան, սակայն ասաց, որ հստակ տեղեկությունների առայժմ չի տիրապետում: