Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետները դեռևս հնարավորություն չունեն մուտք գործել Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման վայր: Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավարը:
Ինչպես Ահմեդ Ուզումչուն հայտնել է Հաագայում կազմակերպության արտակարգ նիստի ժամանակ, ռուսաստանցի և սիրիացի պաշտոնյաները իրենց թիմին տեղեկացրել են, որ մինչ այդ պետք է լուծում ստանան դեռ չլուծված անվտանգության հարցերը։
Հիշեցնենք, շաբաթ օրը Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հայտարարել էր, որ իր փաստահավաք առաքելությունը Սիրիայում շարունակվելու է անգամ ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից իրականացված օդային հարձակումներից հետո:
Ապրիլի 7-ին սիրիացի ապստամբներն ու միջազգային հումանիտար խմբերը հաղորդեցին Դումայում քիմիական զենքով հարձակման մասին, որի հետևանքով առնվազն չորս տասնյակ մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ բժշկական օգնության են դիմել՝ թունավորման ախտանիշներով: Մեկ շաբաթ անց ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ հասցրեցին Սիրիային քիմիական զենքի օգտագործման համար:
Սիրիան և իր դաշնակից Ռուսաստանը հերքում են քիմիական հարձակման մասին մեղադրանքները, պահանջում են միջազգային անկախ հետաքննություն և դատապարտում են Արևմուտքի հրթիռային հարվածները: