Ցուցարարները գիշերը փողոցներ են փակում

Ցուցարարները փակել են Աթենքի փողոցը, Երևան, 17-ը ապրիլի, 2018թ․

Ցուցարարները գիշերը վերստին Երևանի կենտրոնական փողոցներ են փակում:

Կեսգիշերին մոտ փակված են, մասնավորապես, Աթենքի փողոցի՝ Երևանի կոնյակի գործարանին հարող հատվածը, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա, Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց, Աբովյան-Սայաթ Նովա, Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկները:

Աթենքի փողոցը մոտ 20 րոպե անց ոստիկանները ուժ գործադրելով բացեցին:

Հիշեցնենք, Հայաստանի երրորդ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարն առաջնորդող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան հանրահավաքում կոչ արեց աջակիցներին ապրիլի 17-ին, արդեն գիշերվանից շրջափակել Ազգային ժողովի շենքը, ինչպես նաև արգելափակել Երևանի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները: