Քաղաքացիական անհնազանդության ակցիա նաև Գյումրիում

Այսօր առավոտվանից Շիրակի մարզպետարանի շենքը շրջափակման մեջ էր:

Քաղաքացիական ակտիվիստները իրենց անհնազանդության ակցիան էին սկսել և մոտ 3 ժամ Գարեգին Նժդեհի փողոցի մարզպետարանի հարակից հատվածը փակ էր:

Գնալով ավելացան մեքենաները, և որոշվեց ավտոերթ անցկացնել դեպի քաղաքի բուհական հաստատություններ:

Ավտոերթի մասնակաիցներն անցնելով քաղաքի կենտրոնական փողոցները հատկապես հրապարակներում փակում էին ճանապարհը՝ դադարեցնելով երթևեկությունը և վարորդներին կոչ անելով միանալ․ - «Ժողովուրդ, հազար անգամ ներողությունը: Էսօր գործերը թողնում եք, դասերը թողնում եք ու կերթաք մեր երկիրը սարքեք»:

Հերթով մտնելով բուհեր դասադուլի կոչեր էին անում․ - «Ժողովուրդ, ձեր ապագան կերտեք: Ելեք դուրս, ձեր խաթրին կպնող չի եղնի, ելեք դուրս»:

Բուհերի դասախոսներից ոմանք փորձեցին արգելել ուսանողներին միանալ դասադուլին, բայց միացողներ եղան:

Ժամը 15-ին ինքանբուխ հանրահավաք տեղի ունեցավ Թատերական հրապարակում: Ու քանի որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարի հիմնական գործողությունները տեղի են ունեում Երևանում, որոշեցին գնալ Երեվան ու միանալ ցուցարարներին․ - «Մենք կես ժամից Թատերական հրապարակից մեկնելու ենք Երևան՝ միանալու էն ընդհանուր օրակարգին, որը կոչվում է բոյկոտել Ազգային ժողովի նիստը և հետամուտ լինել, որ մեր երկրում ով որ ինչ խոսք ասում է, դա պահվի: Որովհետև մեր համար սկզբունքային հարց է, որ հայ տղամարդու կերպարը միշտ եղել է այնպիսին, որ ինքը ինչ ասել է, արել է»:

Մեկ այլ ցուցարար «Ազատությանն» ասաց․ - «Էս պահի դրությամբ Սերժ Սարգսյանը հեռացել է իշխանությունից, ու մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի ինքը հետ չգա: Մենք հենց հիմա կարանք քաղաքապետարանն էլ վերցնենք, մարզպետարանն էլ վերցնենք, բայց ինքը հենց հիմի ստրատեգիապես կարևոր չէ: Կարևոր է Երևանում վերցնել ստրատեգիական շենքերը ժողովրդի իշխանության տակ: Հիմա կարևոր է, որ մենք մեր ընկերների հետ էնտեղ լինենք»։

Իսկ երիտասարդների մի խումբ էլ շարունակում է երթ անցկացնել Գյուրիում: