Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ տուժածների մի մասը ստացել է ամբուլատոր բժշկական օգնության և դուրս է գրվել։
Ինչ վերաբերում է վնասվածքների տեսակներին, ապա, նույն հաղորդագրության համաձայն, քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, իսկ ոստիկանների վնասվածքները հասցվել են բութ և կտրող գործիքներով։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։
Նախարարությունը նաև հավաստիացնում է, որ հաղորդագրության պատրաստման պահին տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Տուժածներից 19-ը տեղափոխվել էին «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տնօրեն Արա Մինասյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ նրանցից 2-ը ոստիկաններ են, որոնց վիճակը համեմատաբար թեթև է։
Ըստ Մինասյանի, մյուս տուժածների վիճակը ծանր չէ, վիրահատության կարիք էլ դեռ չկա․ - «Քերծված վերքեր են հիմնականում վերջույթներում»:
Հիվանդներին դուրս գրել այստեղ չեն շտապում, բժիշկներն ասում են, որ դեռ կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ։
Տուժածների թվում է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։ Ոտքի վնասվածքի պատճառով ձեռնափայտով քայլող Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել խաղաղ ցուցարարների վրա և՝ առանց զգուշացնելու։
Ձայնային նռնակների պատճառով Սիմոնյանը նաեւ լսողության խնդիրներ ուներ:
«Ազատությունը» եղավ նաև հիվանդասենյակներից մեկում, որտեղ տեղափոխել էին տուժած քաղաքացիների 5-ին։ Հիմնականում ոտքերի վնասվածքներ ստացած երիտասարդ տղաները նշեցին, որ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ և բացի հատուկ միջոցներ կիրառելուց, ոստիկանները նաև հարվածներ են հասցրել ռետինե մահակներով և վահաններով։
«Տեսան, որ չեն կարում ժողովրդի վրա: Ոստիկանները ուզեցան հարվածեն, մենք ձեռքներս բարձրացրին, իրանք հասկացան, որ մենք իրանց դեմ բան չունենք: Հետո ինձանից ձախ տրաքավ ձայնայինը, խուճապ, աղջիկները վախեցան, մենք էլ վախեցանք: Տեսան, որ մենք չենք կանգնում, էլի առաջ ենք էթում, բեկորայինը սկսին կրակել ոտքերի տակ», - պատմեց տուժածներից մեկը:
Արա Մինասյանն ասաց, որ նոր վիրավորներ իրենց բժշկական կենտրոն չեն տեղափոխելու։
Բախումների ընթացքում տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
«Ներկայումս բոլորը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Վեց հոգուն արդեն կատարել են առաջին բուժօգնություն, և մեկ հիվանդ հիմա կգնա վիրահատարան, որն ունի սրունքի կոտրվածք, քերծված վերքեր։ Ներկայումս որևիցե մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Մի մասի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ բավարարին մոտ», - «Ազատությանն» ասաց հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը։
Ըստ տնօրենի, հիվանդանոց տեղափոխվածները վնասվածքներ ունեն հիմնականում ոտքերի և կրծքավանդակի հատվածում։
Սրունքի կոտրվածք է ստացել ցուցարաներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը, ում ընկերը Էդգար Գրիգորյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թեև Գրիգորյանը առողջական խնդիրներ ուներ, բուժում էր ստանում, սակայն չի կարողացել տանը նստել ու որոշել էր գալ բողոքի ակցիային․ - «Հիվանդությունը չի կարող Զավենին կանգնեցնի։ Նույնիսկ գետնին պառկած գոռում էր՝ ժողովուրդ, մի քայլ հետ չգնաք։ Այ տենց մարդ ա Զավենը»։
Ցուցարարներից շատերը նաև նշեցին, որ դուրս գրվելուն պես պատրաստվում են հետ վերադառնալ Բաղրամյան պողոտա, որտեղ շարունակվում է Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների հանրահավաքը։