Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ և վարչապետ Ջուկանովիչը

Չեռնոգորիա - Միլո Ջուկանովիչը ընտրարշավի ժամանակ, 15-ը ապրիլի, 2018թ․

Չեռնոգորիայում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ քվեարկության առաջին իսկ փուլում հաղթել է Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Միլո Ջուկանովիչը:

Նա ստացել է քվեների շուրջ 55 տոկոսը: Նրա հիմնական մրցակից Մլադեն Բոյանիչի օգտին քվեարկել է չեռնոգորցի ընտրողների շուրջ 35 տոկոսը:

Ջուկանովիչը Չեռնոգորիայի վերջին երեք տասնամյակների ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է: Նա 1998-2002 թվականներին արդեն իսկ զբաղեցրել է Չեռնոգորիայի նախագահի պաշտոնը, ևս վեց անգամ պաշտոնավարել է որպես երկրի վարչապետ:

Ընդդիմությունը պնդում է, որ Ջուկանովիչը կիրակնօրյա ընտրություններում հաղթել է քվեարկողների հանդեպ «շանտաժի և ճնշումների կիրառման միջոցով»: