Փաշինյանը և կողմնակիցները խոչընդոտում են տրանսպորտի երթևեկությունը Երևանի կենտրոնում

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները այսօր առավոտյան փակեցին Երևանի Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկը՝ թույլ չտալով տրանսպորտի երթևեկությունը Բաղրամյան պողոտայով:

Փաշինյանը պառկեց մի ավտոբուսի դիմաց՝ նույնը հրահանգելով անել թիմակիցներին: Վարորդի և ուղևորների հորդորներին՝ բացել ճանապարհը, նա պատասխանում էր, որ սա քաղաքական ակցիա է: Ընդդիմադիր գործիչը ներողություն խնդրեց բոլորից, ում անհարմարություն են պատճառում իրենց գործողություններով, հավաստիացնելով, որ իրենց ակցիայի նպատակը ժողովրդին ավելի մեծ անհարմարությունից, այն է՝ Հանրապետականի և Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարումից փրկելն է:

Քիչ անց ուսանողների մի խումբ, դուրս գալով մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից, արգելափակեց Աբովյան փողոցը:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որը, ըստ նրա, պետք է մեկնարկի այսօր առավոտյան ժամը 8։15-ից։