Ցուցարարները երրորդ գիշերն անցկացրեցին Ֆրանսիայի հրապարակում

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները երրորդ գիշերն անցկացրեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում։

Գիշերը միջադեպեր չեղան, ոստիկանական որևէ գործողություն չիրականացվեց։

Հիշեցնենք՝ կիրակի երեկոյան Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որը, ըստ ընդդիմադիր գործչի, պետք է մեկնարկի այսօր առավոտյան ժամը 8։15-ից։

Ապրիլի 13-ին երկշաբաթյա իրազեկման քայլերթից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը, միանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց-Սայաթ Նովա-Բաղրամյան փողոցների հատման հատվածում, այնուհետև հայտարարեցին, որ գիշերում են Ֆրանսիայի հրապարակում։