«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որը, ըստ ընդդիմադիր գործչի, պետք է մեկնարկի երկուշաբթի առավոտյան ժամը 8։15-ից։
«Վաղը առավոտյան 8։15 րոպեից պետք է սկսվեն զանգվածային քաղաքացիական անհնազանդությունների գործողություններ և այդ գործողությունները պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցներ, դուք՝ ձեր, ես՝ իմ մասով, այդ գործողությունները որևէ մեկին վտանգի և ռիսկի տակ չեն դնում», - հայտարարեց Փաշինյանը։
Նա կոչ արեց քաղաքացիներին նախ արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները։
«Խոսքը հատկապես Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյան կամուրջների մասին է։ Այն քաղաքացիները, ովքեր, օրինակ, երթևեկում են Դավթաշենի կամրջով, նրանց մեքենան փչանում է և նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են և ոտքով շարժվում են Բաղրամյան պողոտա։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մերձակայքում։ Սա շատ կարևոր է։ Կարա բենզինը պրծնի, ակումլյատորը նստի, անվադողը նստի։ Հաջորդը՝ արգելափակել բոլոր հնարավոր փողոցները. ով տնից դուրս եկավ, փողոցի կենտրոնում ավտոն պատահաբար փչանում է, նույն կերպ դռները փակում է, իջնում Ազգային ժողով։ Վաղը Երևանի Մետրոպոլիտենը սկսում է աշխատել ու կանգնում է։ Ո՞նց է կանգնում, մարդիկ՝ ուղևորները չորս-հինգ հոգանոց խմբերով, երբ որ գնացքը կանգառում կանգնում է, դռները բացվում են, դռների մեջ պառկում են, եթե դռները չեն փակվում, գնացքը չի գնում։ Մարդիկ քայլելով գալիս են Բաղրամյան պողոտա և ում տեսնում են ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ։ Մետրոյում կփորձեն բերման ենթարկել, սակայն իրենց ուժերը չեն բավարարի, հավելյալ ուժեր պետք է կանչեն, եթե փողոցները փակ լինեն, ոստիկանները չեն կարող մոտենալ», - ասաց Փաշինյանը։
Ընդդիմադիր գործիչը նաև կոչ արեց քաղաքացիներին բանկերից իրենց գումարները կանխիկացնել, ինչպես նաև դասադուլ և գործադուլ հայտարարել։
«Մարդիկ աշխատանքի չեն գնում, որովհետև քաղաքում խցանում է, մարդիկ չեն գնում աշխատանքի, մարդիկ գալիս են Ազգային ժողով։ Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շտանգաներն իջեցնել, ավտոբուսների առաջ պառկել, ոչ մեկին չվիրավորել, ներողություն խնդրել անհարմարությունների համար։ Ուսանողները հայտարարում են դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ, խցանումներ են, երեխեքին իզուր դպրոց չտանեք, որ խցանումների մեջ չընկնեն, երեխաներին թողեք տանը, ուսուցիչները թող քայլելով գան Ազգային ժողով», - հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այս գործողությունները տեղի են ունենում անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ գիշերը Ֆրանսիայի հրապարակի նկատմամբ ինչ-որ գործողություններ տեղի ունենան։