«Գործողությունների պլան ենք քննարկել, որը կմեկնարկի վաղը առավոտյան». Փաշինյան

«Մենք ունենք հանրային լրջագույն համակրանք և այդ համակրանքը պետք է վերածենք հանրային համընդհանուր գործողության», - այսօրվա հանրահավաքին հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի գործողությունների առաջին փուլը համարելով ավարտված։

«Մենք հայտարարել էինք գործողությունների պլան «14+4»։ 14 օրը քայլարշավն էր, 4 օրը Երևանն էր , երկու օր է մենք հրապարակում ենք, սա երրորդ օրն է, ես ուզում եմ ասել, որ երեկ ավարտվեց մեր գործողությունների առաջին փուլը, ես կարծում եմ, որ էդ գործողությունների առաջին փուլը ավարտվեց լրջագույն հաջողությամբ», - նշեց Փաշինյանը՝ շարունակելով. - «14+2-ի ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ մենք ունենք համատարած համակրանք և աջակցություն Հայաստանում և Սփյուռքում։ Այդ համակրանքը կոնկրետ գործողություն է դառնում՝ միան երեկվա ընթացքում մեզ ի աջակցություն Հայաստանից և Սփյուռքից մոտավորապես 1 միլիոն 700 հազար դրամի դրամական փոխանցում է արվել և այստեղ մեկուկես օրվա ընթացքում հանգանակվել է 900 հազար դրամ, սրանք նշաններ են, որ մենք լրջագույն պետք է գնահատենք։ Սա լավ է, արդյունք է, բայց սա այն չէ, ինչ ուզում ենք»։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ գործողությունների շատ մանրամասն պլան են քննարկել, որը պետք է մեկնարկի վաղն առավոտյան։

«Պայքարը պետք է լինի ցանցային, այդ գործողությունները չեն հատելու Քրեկան օրենսգրքի սահմանները, բոլոր գործողությունները լինելու են իրավունքի շրջանակներում, լինելու են խաղաղ քաղաքացիական անհնազանդության տրամաբանության մեջ, որի նպատակը լինելու է կանխել 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետ»:

Փաշինյանը նշեց, որ գործողությունների պլանը մանրամասն կներկայացնի այսօր՝ 18։30-ի հանրահավաքին։