«Դրական գործընթացների նախաշեմին ենք». Պարույր Հայրիկյան

Ընդհանուր անկումային տրամադրությունների և տրամադրությունների լճացման պայմաններում շատ հաճելի էր տեսնել, որ կան մարդիկ, որ գործնական են տրամադրված և այդ մարդկանց պետք է սատարել, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ դրական գնահատելով «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարը։

«ԱԻՄ-ականները հիմնականում նաև ԱԻՄ պատասխանատուները խանդավառ չէին իմ այդ քայլով, դրա համար ես անհատապես հանդես եկա։ Ասում էին, որ երբ մենք Սահմանադրականության ոչնչացման օրը՝ հուղարկավորման օրը, այսպես կոչված, նախագահի ընտրության օրը սև դրոշներով դուրս եկանք՝ ահազանգելու մեր ժողովրդին սպառնացող վտանգը և կոչ արեցինք մյուսներին միանալ, չմիացան, ինչո՞ւ էդ մարդկանց պետք է մենք միանանք։ Ես էլ իմ անցած ճանապարհի փորձից ելնելով, ասացի, որ եթե մեկը սխալ է անում, էդ սխալը դու չպետք է կրկնես։ Ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է աջակցենք։ Մինչ այս պահը ես և ԱԻՄ-ը ողջունողի կարգավիճակում ենք, խոսքը համագործակցության մասին չէ, ինչի մասին որ խոսում է Նիկոլ Փաշինյանը», - ասաց Հայրիկյանը։

Հարցին, թե պայքարի արդեն երրորդ օրն է մեկնարկել, այլ ընդդիմադիր ուժեր կմիանա՞ն պայքարին, Հայրիկյանը պատասխանեց. - «Ես չգիտեմ, թե ինչու եք Դուք կարծում, որ առաջընթաց չկա, եթե սկզբից իրենք միայնակ էին, հետո միացանք մենք, հետո աջակցում են նաև այլ ուժեր, դա առաջընթաց է, ինչո՞ւ դա չնկատել ու խոսել այն բանի մասին, որ որոշ ուժեր չեն միանում։ Չեն միանում, ավելի վատ իրենց համար, կամ վաղը կմիանան, բայց իրականում մենք պետք է արձանագրենք, որ զգալի թվով ուժեր միացել են և սա առաջընթաց է։ Ես գտնում եմ, որ բաժակը կիսով չափ լիքն է և դրական գործընթացների նախաշեմին ենք»։

ԱԻՄ առաջնորդն ընդգծեց՝ այս օրերը կարող են ինչ-որ բան դեպի դրականը փոխել։

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին երկշաբաթյա իրազեկման քայլերթից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը, միանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց-Սայաթ Նովա-Բաղրամյան փողոցների հատման հատվածում, այնուհետև հայտարարեցին, որ գիշերում են Ֆրանսիայի հրապարակում։

Հայրիկյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.