Հայաստանը ՀԱՊԿ կազմում դատապարտել է ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածները Սիրիայի դեմ

ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը, դատապարտել է Միացյալ Նահանգների ու դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները Սիրիայի դեմ, պնդելով, թե դրանք խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:

«Այդօրինակ քայլերը ստեղծում են մի իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական վտանգը շուտափույթ մեկուսացնելու և ներքաղաքական ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերին», - հայտարարել է ռազմական դաշինքն ու պնդել, թե արևմտյան կոալիցիայի գործողությունները կարող են հանգեցնել լարվածության հետագա աճի ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում:

Ռուսաստանի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում կազմակերպության մշտական խորհուրդը միաժամանակ վերահաստատել է աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը` կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շարունակել ջանքերը խաղաղություն ու անվտանգություն հաստատելու ուղղությամբ:

Նախկին խորհրդային միության տարածքում Կրեմլի հովանավորությամբ ստեղծված այս դաշինքին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երեք պետություններ՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը: