Րաֆֆի Հովհաննիսյան. «Որևէ մեկը չի կարող իրեն հավասարեցնել պետության հետ»

«Որևէ մեկը չի կարող իրեն հավասարեցնել պետության հետ՝ ինքն է պետությունը, և վերջ։ Այդ հայտնի հավասարումը գտել է շատ հայտնի ֆրանսիացի թագավոր, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանում կիրառվում է սերնդից սերունդ ու գործող ղեկավարները կարծում են, որ իրենք անփոխարինելի են և Աստծո առաջ ասում են, որ «պետական շահը պահանջում է, որ ես ուխտադրուժ լինեմ, իմ խոսքի տերը չլինեմ և շարունակեմ իմ ծառայությունը», ֊ այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում դիմելով լրագրողներին՝ ասաց այստեղ գիշերած ցուցարարներին այցելության եկած ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը։ ֊ «Ես պարզապես ասում եմ, որ տվյալ դեպքում պետական մարդը՝ Դը Գոլի, Չերչիլի ու չգիտեմ ում հետ են համեմատում... ինքը պետք է ասի, որ «ես պետության մասնիկն եմ, բայց ես պետությունը չեմ, իսկ պետական շահը ենթադրում է, որ ես պետք է շարունակեմ իմ ծառայությունը, բայց ոչ երբեք այս խեղկատակության միջոցով», որը կեղծ հանրաքվե, որ նախագահականը դարձրեց սուպերվարչապետական, և ամեն ինչը գնում է նրան, որ նույն մարդը ապրի նույն տանը, հավերժաբար նույն մարդը աշխատի նույն վայրում և ամեն ինչը՝ Սահմանադրությունը, օրենքը, վարք ու կարգը հյուսվում է մի մարդու շահի վրա»։

Մեկնաբանելով ցուցարարների գործողությունները, Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց. ֊ «Այս պայքարը շարունակությունն է երկարատև պայքարի, որը տարել է մեր ժողովուրդը տարիների ընթացքում՝ թե՛ գողացված ընտրությունները բողոքարկելու, թե՛ «Էլեկտրիկ Երևանը», երիտասարդական տարբեր շարժումները։ Դրանք մի շղթա են կազմում։ Եթե այդ շղթայի տրամաբանության մեջ տեսնենք, իհարկե՝ հնարավոր պետք է լինի»։

Հիշեցնենք՝ ապրիլի 13֊ին երկշաբաթյա իրազեկման քայլերթից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը, միանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց ֊ Սայաթ Նովա ֊ Բաղրամյան փողոցների հատման հատվածում: