Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած ընդդիմադիր ցուցարարները գիշերեցին Ֆրանսիայի հրապարակում՝ վրանային ճամբարում։ Կեսգիշերն անց հրապարակում ավելի քան 200 ցուցարար կար։
Չնայած հասարակական կարգը պահպանելու և չաղմկելու մասին Ոստիկանության հայտարարություններին և հորդորներին, իրավապահները գիշերվա ընթացքում որևէ միջոցառում չեն իրականացրել։
Հիշեցնենք՝ ապրիլի 13֊ին երկշաբաթյա իրազեկման քայլերթից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը, միանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց ֊ Սայաթ Նովա ֊ Բաղրամյան փողոցների հատման հատվածում:
Այս պահին ցուցարարները շարունակում են մնալ այդ տարածքում։ Ստորև կարող եք հետևել «Ազատության» ուղիղ հեռարձակմանը Ֆրանսիայի հրապարակից։