ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է «թիրախային հարվածներ հասցնել» քիմիական զենքերի ստեղծմամբ զբաղվող սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ, և նշել, որ այդ հարվածները իրականացվելու են Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ համատեղ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ նման հարվածները «շարունակական կլինեն» և կտևեն այնքան ժամանակ, մինչև Սիրիան դադարեցնի նման զանգվածային ոչնչացման զինատեսակների օգտագործումը։
Ապրիլի 13֊ին ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում Թրամփը հիշեցրել է, որ ինքը մեկ տարի առաջ ևս հրամայել էր օդային հարված հասցնել Սիրիային այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Բաշար ալ֊Ասադը, ում ԱՄՆ նախագահը անվանել է «հրեշ» և «հանցագործ», թունավոր գազով ավելի քան 100 մարդ էր սպանել։ Այժմ էլ, Թրամփի խոսքով, Ասադը «շատ թանկ կվճարի» Դումայում ապրիլի 7֊ին իրականացված քիմիական հարձակման համար, որը 43 մարդու կյանք էր խլել։
Թրամփի այս հայտարարությունների պահին արդեն իսկ մեկնարկել էր ԱՄՆ֊ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գրոհը սիրիական թիրախների ուղղությամբ։ Պայթյունների ձայնը լսելի էր մայրաքաղաք Դամասկոսում։
Սիրիական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը հակաօդային պաշտպանության միջոցներ են կիրառում։
Թրամփը իր ելույթում նաև կոչ է արել Ռուսաստանին և Իրանին՝ դադարեցնել աջակցությունը Ասադի «մարդասպան» և «սարսափելի ռեժիմին»։
Դիմելով, հատկապես, Մոսկվային, Թրամփը ընդգծել է, որ Ասադը շարունակում է սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառել, քանի որ Ռուսաստանը չի կարողացել ստիպել իր դաշնակցին հավատարիմ մնալ 2013 թվականի համաձայնագրի պայմաններին, որով պարտավորվել էր դադարեցնել դրանց օգտագործումը և ոչնչացնել իր ունեցած քիմիական զենքի պաշարները։
Ռուսաստանը ձախողել է Ասադին զսպելու իր խոստումը, և այժմ, նշել է Թրամփը, Ռուսաստանը պետք է վճիռ կայացնի՝ շարունակե՞լ Ասադին աջակցելու «դժնդակ ուղին», որի պատճառով 7 տարի շարունակված քաղաքացիական պատերազմում շուրջ կես միլիոն մարդ է զոհվել, թե՞ «միանալ քաղաքակիրթ ազգերին», ովքեր դիմագրավում են Ասադին։