Ցուցարարները փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգումը կանխելու նպատակով պայքարի դուրս եկած «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները և «Հանուն Հայաստան պետության» ճակատը այսօր բազմամարդ հանրահավաք անցկացրեցին Երևանի Ազատության հրապարակում, ինչից հետո հանրահավաքի մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը:

Նշենք, որ ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքի կազմակերպիչը ընդհանուր առմամբ կատարում է «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված իր պարտականությունները, իսկ հավաքը կրում է խաղաղ, սահմանադրական բնույթ: - «Չնայած ասվածին, երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, իսկ առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է», - նաև նշել է ոստիկանությունը՝ երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորելով «այսուհետ ևս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից»: