ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ նիստին

Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) 47-րդ լիագումար նիստին:

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի քննարկվել է «Անդամ պետությունների միջմշակութային երկխոսություն. իրավիճակը, հեռանկարները և իրավական ապահովումը», որի վերաբերյալ ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը:

Քննարկվել են նաև նորարարական տեխնոլոգիաների, գիտակրթական, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ պետությունների մոդելային օրենքների մշակմանը վերաբերող հարցեր:

Լիագումար նիստին ներկա են եղել միջազգային տարբեր խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչներ:

Նիստի ավարտին ԱՊՀ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, ամփոփել նիստի արդյունքները:

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը և Միհրան Հակոբյանը: Նիստին ներկա են եղել նաև Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և ԱՊՀ ՄԽՎ-ում Հայաստանի ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: