Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի աղմկահարույց միջադեպից անցել է արդեն 2 ամիս, սակայն իրավապահ մարմինները մինչև այս պահը չեն կարողանում պարզել, թե արդյոք «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց կողմից քաղաքապետարան բերված կոյուղաջրերը վտանգավոր էին մարդու առողջության համար, թե ոչ։
Թե ինչ բաղադրություն են ունեցել այդ կոյուղաջրերը, հարցի պատասխանը ստանալու համար դեռ փետրվարի 14-ի՝ նիստի հաջորդ օրը, ոստիկանության հետաքննիչի կողմից նշանակվել է համապատասխան փորձաքննություն, և գործն ուղղարկվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ։
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից՝ Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող փորձագիտական կենտրոնը, սակայն, չի ունեցել համապատասխան նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորություններ, հետևաբար չի կարողացել որոշել՝ արդյո՞ք հետազոտման ներկայացված նմուշը պարունակում է բակտերիոլոգիական եւ կենսաբանական ծագման այլ բաղարիչներ, ինչպես նաև մարդու առողջությանը համար հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութեր։
Մինչդեռ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձագետներին խորհուրդ է տալիս զուր չտանջվել կոյուղաջրերի մեջ կողմնակի հավելումներ գտնելու գործում։ Նա պնդում է, որ իրենք ոչինչ չեն ավելացրել տարրաների մեջ, իսկ եթե այդտեղ վնասակար նյութեր են եղել, ուրեմն ավելի է հստակեցվում, թե ինչ են շնչում Նուրաբարշենի կալանավայրի կողքին ապրող բնակիչները։
«Էդ տարաների մեջ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի և Նուբարաշեն թաղամասի այդ հատվածից վերցրած կոյուղաջրեր էին: Հավելյալ բաներ, իհարկե, չկային, մենք չէինք խառնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Քննչական մարմինը, այնուամենայնիվ, ցանկանում է պարզել, թե դրանց բակտերիոլոգիական և կենսաբանական բաղադրությունը, և այդպիսի փորձաքննություն իրականացնելու համար այժմ հանրապետության մաշտաբով նման սարքավորումներ ու տեխնիկական հնարավորություններ ունեցող մասնագետների է փնտրում։
Նուբարաշենից քաղաքապետարան հասած կոյուղաջրերի փորձաքննության մասին «Ազատությունը» զրուցեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հետ։ Չցանկացավ ձայնագրվել՝ նա հայտնեց, որ նախաքննության փուլում փորձաքննությունների մասին ոչինչ հայտնել չի կարող։
Ըստ Հովսեփյանի, իրենց կենտրոնում չեն կատարվում վերոնշյալ փորձաքննությունները, սակայն կենտրոնն արդեն վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել տվյալ կոյուղաջրերի նյութագիտական՝ այսինքն քիմիական փորձաքննության եզրակացությունը:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ խուլիգանության և ծեծի հատկանիշներով հարուցված քրեական գործով
դեռ կասկածյալներ չկան։ Միակ տուժող ճանաչված անձն էլ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն է։
Վերջինս, սակայն, վստահ է, որ բացի իրենից տուժող պետք է ճանաչվեն նաև խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ու խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը․ - «Նրանք նույնպես ենթարկվել են բռնության, ծեծի: Սահմանափակվել է նրանց ազատությունը, ազատ տեղաշարժման իրավունքը, և էլի մի շարք գործողություններ են կատարվել»:
Հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ մինչև այժմ գործով կասկածյալներ չկան, Խաչատրյանը պատասխանեց․ - «Դա զավեշտ է, հումորի թեմայից է: Բոլորն էլ տեսել են, թե ինչ է կատարվել, և պարզապես ցանկություն է անհրաժեշտ, որպեսզի գործը ճիշտ, օրինական ընթացքով տարվի»:
Հանրապետական կուսակցության անդամ տղամարդկանց կողմից բռնության ենթարկված Մարինա Խաչատրյանը վստահ է, որ եթե հարցը վերաբերեր ՀՀԿ անդամներին, ապա իրավապանները քրեական գործն ավարտին կհասցնեին կարճ ժամանակում։
«Ազատությունը» Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականից նաև հետաքրքրվեց, թե արդյոք ցուցմունք տվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում «դեմ առեք» հրահանգից հետո Հանրապետականի անդամները նետվեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց ուղղությամբ։ Սոնա Տռուզյանն առանց մանրամասներ հայտնելու նշեց՝ տարբեր անձիք են հարցաքննվել։
Հիշեցնենք․ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:
Այսօր մենք եղանք նաև Նուբարաշեն համայնքում։ Ուղիղ 2 ամիս առաջ քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից հետո այստեղ շատ բան է փոխվել։ Բնակիչների խոսքով, կոյուղին նորոգվել է, գարշահոտությունը՝ վերացել։
Կալանավայրի հարևանությամբ ապրողները նաև վստահ են՝ եթե չլիներ այդ միջադեպը իրենց հարցը միգուցե այդպես էլ լուծում չստանար։
«Մի շաբաթում արդեն լրիվ փակեցին: Էդ անտանելի հոտից պրծանք», - ասաց բնակիչներից մեկը: