Մոսկվան պնդում է՝ «անհերքելի ապացույցներ» ունի, որ Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակումը «բեմադրված է»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան «անհերքելի ապացույցներ» ունի առ այն, որ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը «բեմադրված է», սակայն թե որ պետության կողմից՝ չի հստակեցրել: Նա միայն նշել է, թե այդ պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի առաջին շարքերում լինի Ռուսաստանի դեմ արշավներում:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, թե Փարիզը ապացույցներ ունի, որոնք փաստում են, որ ապրիլի 7-ին Սիրիայում շուրջ յոթ տասնյակ մարդու կյանք խլած քիմիական հարձակումն իրականացրել է Բաշար ալ-Ասադի բանակը:

Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են, որ նման ապացույցներ ունի նաև Միացյալ Նահանգները:

Մեծ Բրիտանիան նույնպես տեղի ունեցածի համար մեղադրում է Ասադի ռեժիմին:

Պաշտոնական Դամասկոսը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: