Դասադուլ հայտարարած ուսանողները միանում են Նիկոլ Փաշինյանին

Մի քանի տասնյակ ուսանողներ առավոտյան Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում ցուցադրաբար դասադուլ հայտարարեցին՝ տեղեկացնելով, որ դասի գնալու փոխարեն միանալու են ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը և պայքարելու են Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ:

«Ես դեմ եմ Սերժ Սարգսյանի վերարտադրմանը, իսկ Սերժ Սարգսյանը խանգարում է իմ համալսարանի համաչափ զարգացմանը», - «Ազատությանն» ասաց ցուցարարներից մեկը:

Հարցին, թե ինչու ուսանողներից շատերը չեն միանում իրենց պայքարին, մեկ այլ դասադուլավոր պատասխանեց․ - «Անտարբերություն է, որ դուրս չեն գալիս: Շատերի համար մեկ ա, շատերը կարծում են, որ դա ոչ մի բան չի փոխի: Որ ճիշտն ասեմ, ես էլ չեմ հավատում, բայց եթե գոնե չնչին շանս կա, ինչո՞ւ չանել»:

«Իմ քայլը» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը վստահ է, որ դժվարը սկիզբն է, առաջիկա օրերի ընթացքում ցուցարարների թիվը կաճի, ուսանողները կատիվանան, չեն խանգարի անգամ բուհերի ղեկավարության ճնշումները․ - «Ես անձամբ տեղեկություններ ունեմ, որ բժշկական համալսարանում, տնտեսագիտական համալսարանում, ԵՊՀ որոշ ֆակուլտետներում հստակ նախազգուշացումներ են եղել ուսանողներին, որպեսզի էլ չմասնակցեն: Բայց, կարծում եմ, յուրաքանչյուր երկար ճանապարհ առաջին քայլից է սկսվում»:

Ուսանողները բուհի գիտխորհրդի դահլիճի պատին փակցրեցին այսօրվա բողոքի ակցիայի ցուցապաստառը՝ հորդորելով դասախոսական կազմին միանալ իրենց, «քայլ անել, մերժել Սերժին»:

Դասադուլ հայտարարած ուսանողները ԵՊՀ-ից շարժվեցին՝ միանալու 14 օր մարզերով շրջած և այսօր Երևան հասած Նիկոլ Փաշինյանին և իր աջակիցներին: