Պրոխորովը վաճառել է իր բաժնեմասը Նյու Յորքի «Բրուքլին Նեթս» բասկետբոլի ակումբում

Միխայիլ Պրոխորով, արխիվ

Ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը վաճառել է ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բրուքլին Նեթս» ակումբի իր բաժնետոմսերը: Գնորդը Alibaba կորպորացիայի համահիմնադիր և փոխնախագահ Ջո Ցայն է:

Պրոխորովը, սակայն շարունակում է մնալ նյույորքյան ակումբի համասեփականատեր:

Գործարքի արժեքը հայտնի չէ, Reuters լրատվական գործակալության աղբյուրները անցյալ տարի այն գնահատել էին մոտ 2 միլիարդ 300 միլիոն դոլար:

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի մասնակցությամբ այս գործարքը կնքվում է ռուսաստանյան գործարարների, ընկերությունների և պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից մեկ շաբաթ անց: Պրոխորովի անունը չկա պատժամիջոցների ցանկում: Reuters-ը նշում է, որ նա կրճատում է իր ներկայությունը ռուսական շուկայում, մասնավորապես` վերջերս վաճառել է ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված «Ռուսալ»-ում իր բաժնեմասը: