Նիկոլ Փաշինյան․ «Սերժ Սարգսյանը ուժը կորցրած է այլևս, և մենք դա կփորձենք քաղաքականապես իրագործել»

Այսօր երեկոյան Երևանի Ազատության հրապարակում կմեկնարկի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը: Ընդդիմադիրները խոստանում են, որ այն շուրջօրյա կլինի չորս օրերի ընթացքում՝ մինչև ապրիլի 17-ը, երբ Ազգային ժողովում կդրվի նոր վարչապետին հաստատելու հարցը:

«Իմ քայլը» նախաձեռնությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր ավարտելու է երկու շաբաթ տևած քայլերթը և Ազատության հրապարակ հասնելուց հետո քաղաքացիական անհնազանդությունների շարք է խոստանում՝ կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը:

«Ոստիկանության ցանկացած գործողություն, և ընդհանրապես՝ իշխանության ցանկացած գործողություն արժանանալու է հակագործողության, և կարծում եմ՝ մենք վաղը այդ հակագործողությունը կտեսնենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը «Ազատություն» TV-ին տված հարցազրույցում:

«Ազատություն»․ - Ոստիկանությունը հաղորդագրությամբ հանդես եկավ, թեև ձեր անունը նշված չէ, բայց կարծես անուղղակի հասցեատերը դուք եք՝ վկայակոչվում են փողոցներ փակելու, շենքեր շրջափակելու մասին հայտարարությունները և ասվում է, որ Հավաքների ազատության մասին օրենքի ուժով՝ հավաքի անցկացումը չպետք է հանգեցնի այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման: Ավելին՝ զգուշացում կա, որ հակաիրավական գործողություններ իրականացնելու դեպքում չեք կարող խուսափել դրանից բխող իրավական հետևանքներից:

Նիկոլ Փաշինյան․ - Ես էլ ուզում եմ հիշեցնել ոստիկանությանը, որ քանի դեռ հավաքը խաղաղ է բնույթով, ոստիկանությունը պետք է աջակցի դրա անցկացմանը: Ես հույս ունեմ, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կաջակցի քաղաքացիական խաղաղ անհնազանդության մեր ակցիաներին:

«Ազատություն»․ - Այնուամենայնիվ՝ շենք շրջափակելը, փողոց փակելը, ինչպես ոստիկանությունն է նշում, չի՞ սահմանափակում այլոց իրավունքները:

Փաշինյան․ - Որևէ իրավունք բացարձակ չէ, ինչպես իշխանությունները հաճախ սիրում են ընդգծել: Հիմա որ էդ քաղաքացիների վրանը խլել են՝ այդ քաղաքացիների իրավունքները չե՞ն սահմանափակել: Ես հույս ունեմ, որ քաղաքացիների ներկայությունը Ազատության հրապարակում այնքան տպավորիչ կլինի և այնքան ազդեցիկ կլինի, որ ոստիկանությունը, ինչպես հարկն է, կենթարկվի ժողովրդի որոշումներին:

«Ազատություն»․ - Եվ այս մասով վերջին կոնկրետ մի սցենար, որ Դուք նկարագրել էիք՝ շրջափակել իշխանական պատգամավորների տների, բնակարանների մուտքերը՝ թույլ չտալով, որ այդ օրը գնան նիստին․ կան արձագանքներ հանրապետականներից, որ իրենց ազատ տեղաշարժի իրավունքն եք սահմանափակում, և սա էլ, իր հերթին, յուրօրինակ ուժի գործադրություն է, բռնություն է:

Փաշինյան․ - Պատգամավորները պետք է իմանան, որ իրենց մանդատների տերը ոչ թե իրենք են, այլ՝ ժողովուրդը, և եթե նրանք այդ մանդատները փորձում են օգտագործել կամայական ձևով, ուրեմն՝ ժողովուրդը կարող է կասեցնել այդ մանդատների օգտագործումը:

«Ազատություն»․ - Դուք անընդհատ մեջբերում եք Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականին հնչեցրած խոսքերը, թռուցիկներ եք բաժանում այդ խոսքերով: Կա դրան արձագանքը գործադիր մարմնի անդամներից՝ որ նա պետական շահը ավելի բարձր է դասում, քան՝ անձնական հավակնությունները: Բացատրություն են բերում, որ Ձեր այդ մեջբերումն արդեն ուժը կորցրած է:

Փաշինյան․ - Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ինքը ուժը կորցրած է այլևս, և մենք դա կփորձենք քաղաքականապես իրագործել: Ես ինքս ասել եմ, որ չնայած 14 օր քայլելիս եմ եղել և վաղը մտնում եմ Երևան, որտեղ գտնվում է իմ տունը, իմ ընտանիքը, բայց ես շարունակելու եմ չգնալ տուն, մնալու եմ հրապարակում՝ մինչև որևէ հանգուցալուծում:

«Ազատություն»․ - Բայց քաղաքապետարանը ձեզ թույլ չի տվել շուրջօրյա հավաք անցկացնել՝ հանրահավաքն ավարտելու վերջնաժամկետ նշված է ժամը 23-ը:

Փաշինյան․ - Այ, ինչպիսի մեծ ․․․ էդ պահը հաշվի չէինք առել, որ Տարոն Մարգարյանը կարող է մեզ թույլ չտա Ազատության հրապարակում մնալ կամ որևէ տեղ մնալ: Մեծ բացթողում է մեր կողմից, մեծ բացթողում:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․