Մայք Փոմփեո․ Փետրվարին Սիրիայում ԱՄՆ օդային հարվածներից հարյուրավոր ռուսներ են զոհվել

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Փոմփեոն Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 12-ը մարտի, 2018թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Մայք Փոմփեոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածության շուրջ լսումների ժամանակ հայտարարել է, որ փետրվարի սկզբին Սիրիայի արևելքում ԱՄՆ օդային հարվածների արդյունքում «մի քանի հարյուր» ռուսներ են սպանվել:

Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Փոմփեոյի մեկնաբանությունները այդ իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից բացառիկ բաց խոստովանություն էր, նկատում են լրատվամիջոցները:

Պետքարտուղարի թեկնածուն լսումների ժամանակ նաև վստահեցրել է, որ ավելի կոշտ մոտեցում կցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ։

Հիշեցնենք, երկու ամիս առաջ սոցիալական ցանցերում, ապա լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին Սիրիայում մեծ թվով ռուսաստանցիների զոհվելու մասին։ Պաշտոնական Մոսկվան նախ հերքում էր դրանք, հետո խոստովանեց, որ «ենթադրաբար» հինգ մարդ է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել: ՌԴ ԱԳՆ խոսնակը ապատեղեկատվություն էր որակել արևմտյան լրատվամիջոցների հաղորդումները ռուսական բանակի մեծածավալ կորուստների մասին, պնդելով, թե զոհերը Ռուսաստանի զինված ուժերի հետ որևէ կապ չեն ունեցել: