Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում՝ «Արսենալ», «Զալցբուրգ», «Ատլետիկո» և «Մարսել»

Մեծ Բրիտանիա - «Արսենալ»-ի ֆուտբոլիստները տոնում են ԲԿՄԱ-ի դարպասի գրավումը, Լոնդոն, 5-ը ապրիլի, 2018թ.

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք նվաճեցին անգլիական «Արսենալ», ավստրիական «Զալցբուրգ», իսպանական «Ատլետիկո» և ֆրանսիական «Մարսել» ակումբները:

Քառորդ եզրափակիչի՝ հինգշաբթի ուշ երեկոյան կայացած պատասխան հանդիպումներում լոնդոնյան ակումբը Մոսկվայում ոչ-ոքի՝ 2:2 ավարտեց հանդիպումը տեղի ԲԿՄԱ-ի հետ (առաջին հանդիպումը՝ 4:1), «Զալցբուրգ»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիո»-ին (առաջին խաղը՝ 2:4), Մադրիդի «Ատլետիկո»-ն Լիսաբոնում 0:1 հաշվով պարտվեց տեղի «Սպորտինգ»-ին (2:0), իսկ Մարսելում դաշտի տերերը 5:2 հաշվով առավելության հասան գերմանական «Լայպցիգ»-ի նկատմամբ (0:1):

«Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկ շաբաթ առաջ Լոնդոնում ԲԿՄԱ-ի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով մոսկովյան հանդիպմանը չմասնակցեց: Ապրիլի 8-ին նա բաց է թողել նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարի հանդիպումը «Սաութհեմփթոն»-ի հետ: «Արսենալ»-ի մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստը հաստատ չի մասնակցի Պրեմիեր լիգայի առաջիկա երկու հանդիպումներին ևս՝ այս և եկող շաբաթ, «բայց նա դեռ կարող է խաղալ մրցաշրջանի վերջում»:

Կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն ուրբաթ օրը անցկացվելիք վիճակահանությամբ: