«Ադրբեջանցիները թայմաութ էին վերցրել բանակցություններից՝ ասելով, որ իրենց մոտ ընտրություններ են: Սա հերթական պատրվակն էր, որպեսզի հետաձգեն այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել վերջին երեք գագաթաժողովներին: Նաև դրանց արդեն կոնկրետ իմպլիմենտացիայի վերաբերյալ հունվարին տեղի ունեցած արտգործնախարարների կրակովյան հանդիպմանը արդեն սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց: Նրանք դա էլ չկատարեցին՝ պատճառ բերելով, որ իրենց մոտ ընտրություններ են: Հիմա հուսով ենք, որ իրենք հերթական պատրվակը չեն փորձի գտնել՝ խուսափելու այդ կարևորագույն համաձայնությունների իրագործումից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բալայանը՝ հավելելով, որ այժմ արդեն միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Ադրբեջանն այլևս խույս չտա իր պարտավորությունները կատարելուց․ - «Պատմությունից էլ հայտնի է, որ ինչքան որ մարդը փորձում է հետաձգել պայմանավորվածությունների կատարումը, այնքան ավելի բարդ վիճակում է ընկնում»:
Բալայանի խոսքով՝ որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում, թե Ադրբեջանում ընտրություններ կոչված միջոցառումն ինչ արդյունք է ունենալու, սակայն Ադրբեջանի գործողությունները ընտրություններով պայմանավորված չեն․ - «Ադրբեջանը, որպես անկանխատեսելի հարևան, մեր համար միշտ էլ վտանգավոր է: Ե՛վ մեր բանակը, և՛ մեր դիվանագիտությունը միշտ պատրաստ է դրան, որ անկանխատեսելի գործողություններ կարող են լինել Ադրբեջանի կողմից: Չեմ կարծում, որ դա ընտրություններով ավելի խորացավ կամ չխորացավ: Ադրբեջանը, որպես միջազգային հանրության անկանխատեսելի անդամ՝ իր գործողություններով, մի գործոն է, որի պատճառով մենք միշտ պետք է զգոն լինենք»:
Հարցին, թե արդյոք բարձր մակարդակով հանդիպում նախատեսված է առաջիկայում՝ հաշվի առնելով, որ քաղաքական ղեկավարությունը երկու երկրներում էլ նույնն է մնում, Բալայանը պատասխանեց․ - «Որքանով որ ես եմ տեղյակ, այս պահին նման պայմանավորվածություն չկա: Բայց այդ հանդիպումները չպետք է ինքնանպատակ լինեն: Հանդիպումներին ձեռք բերվող պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Դա կարևորագույն գործոնն է և գրավականը, որպեսզի այդ հանդիպումները լինեն արդյունավետ»:
Ըստ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի, Ալիևի վերընտրությունը գուցե նպաստի խաղաղ բանակցությունների վերսկսվելուն․ - «Ես ելնում եմ այն իրողությունից, որ ընտրություններից առաջ, որպես կանոն, կոշտ հռետորաբանությամբ են հանդես գալիս ներքին լսարանի համար, ընտրություններից հետո ավելի իրատեսորեն են նայում իրավիճակին, ավելի իրատեսական քայլերի են գնում: Հույս ունեմ, որ այս դեպքում դա կլինի: Երկու երկրներում էլ պետության ղեկավարը առաջիկա հինգ տարիների հայտնի է՝ Հայաստանում և Ադրբեջանում, և դա կնպաստի, որ խաղաղ բանակցությունների նոր փուլ սկսվի»:
Բաղդասարյանի խոսքով, այն որ Ալիևը միջազգային հանրության քննադատության ներքո չորրորդ անգամ է ստանձնում է նախագաի պաշտոնը, նույնիսկ ձեռնտու է Հայատսանին․ - «Ադրբեջանը միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես ավտորիտար ռեժիմ: Բացի այդ, մենք գիտենք, թե այնտեղ ոնց են կառավարում երկիրը․ կոռումպացված այդ համակարգը պահպանվելու է, ինչը, կարծում եմ, մեզ համար դրական է: Մեզ համար դրական չէր լինի, եթե Ադրբեջանը դառնար ժողովրդավարական, նորմալ երկիր»: