Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Սիրիայում հարձակման համար ժամկետներ ինքը չի սահմանել: «Ես երբեք չեմ ասել, թե երբ է տեղի ունենալու հարձակումը: Դա կարող է լինել շատ շուտով, բայց և՝ ոչ այնքան շուտով»,- այսօր «Թվիթերում» գրել է Թրամփը՝ այդպիսով ցրելով մտավախությունները, թե Վաշինգտոնն առաջիկայում կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Սիրիայում: «Ամեն դեպքում՝ իմ ղեկավարած վարչակազմը մեծ աշխատանք է կատարել տարածաշրջանը «Իսլամական պետությունից» ազատագրելու համար», - նաև գրել է Թրամփը, հարցնելով ՝ և ո՞ւր է ԱՄՆ-ին հասանելիք շնորհակալությունը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր արագ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման, որի հետևանքով, ըստ մարդասիրական կազմակերպությունների, շուրջ յոթ տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Դամասկոսը հերքում է իր մասնակցությունն այդ միջադեպին: Սիրիայում վերջին իրադարձություններն ավելի են սրել սիրիական ռեժիմին աջակցող Մոսկվայի և Արևմուտքի միջև տարաձայնությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիմիական հարձակման մասին հաղորդումներից հետո խոստացել էր անարձագանք չթողնել դրանք, միևնույն ժամանակ, չհստակեցնելով Սիրիայի հետ կապված՝ Վաշինգտոնի հետագա ծրագրերը: «Միացյալ Նահանգները Սիրիայում ռազմական գործողությունների մի քանի տարբերակ ունի»,- միայն ասել էր Թամփը: Երեկ, սակայն, ամերիկացի առաջնորդը որոշ փակագծեր բացեց՝ Ռուսաստանին զգուշացնելով մոտալուտ հրթիռային հարձակման մասին:
«Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, որովհետև հրթիռները, որոնք լինելու են ավելի լավը և խելացի, գալու են»,- «Թվիթերում» գրել էր ԱՄՆ նախագահը, հավելելով՝ «Դուք չպետք է լինեք գազասպան կենդանու գործընկերը, ով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում»: Մոսկվան, ի պատասխան, զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից նման քայլը լուրջ հետևանքներ կունենա: Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև կոչ է արել հրթիռներն ուղարկել ահաբեկիչների, այլ ոչ թե Սիրիայի օրինական կառավարության վրա:
Ենթադրյալ քիմիական հարձակման հետ կապված՝ համարժեք պատասխանով է սպառնում նաև Փարիզը: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հայտարարել է, թե «ապացույցներ ունի» առ այն, որ սիրիական իշխանությունները քիմիական զենք են օգտագործել: Թե ով է Ելիսեյան պալատի ղեկավարի աղբյուրը և ինչ ապացույցների մասին է խոսքը, Մակրոնը չի հստակեցրել: Սակայն նա հայտարարել է, թե Ասադի գործողություններն «անհետևանք չեն մնա»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, իր հերթին, հայտարարել է, թե «հստակ է», որ Սիրիան ոչնչացնում է քիմիական զենքի իր պահուստները: Մերկելի խոսքով, սակայն, Գերմանիան չի պատրաստվում միանալ Սիրիայում ռազմական գործողություններին:
Ենթադրյալ քիմիական հարձակումից հինգ օր անց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցող Ռուսաստանի պաշպանության նախարարությունը հայտարարում է՝ Դուման զինյալներից ազատագրված է: «Սիրիական կառավարական բանակի դեմ մարտնչող զինված խմբավորումների՝ Արևելյան Գութայում վերջին հենակետը համարվող Դումայում իրավիճակը կարգավորվում է, քաղաքն անցել է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ»,- հաղորդում է ռուսական կողմը: