Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր նախ հեռագրով, ապա՝ հեռախոսազանգով շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Հեռախոսազրույցում, Կրեմլի հաղորդագրության համաձայն, «Ռուսաստանի առաջնորդը ջերմորեն շնորհավորել է Իլհամ Ալիևին ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և նրան հաջողություններ է մաղթել պետական բարձր պաշտոնում»:
«Հաստատվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա ամրապնդման, տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ընդհանուր տրամադրվածությունը», - ասված է հաղորդագրությունում:
Շնորհավորական հեռագրում էլ, ըստ նույն աղբյուրի, Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել ադրբեջանցի գործընկերոջ ջանքերը երկու երկրների բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ և «վստահություն է հայտնել, որ պետությունները համատեղ ջանքերով կապահովեն բոլոր ոլորտներում արդյունավետ երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում գործընկերային փոխգործողության հետագա ծավալումը, որը, անկասկած, համապատասխանում է ռուս և ադրբեջանցի ժողովուրդների արմատական շահերին»: