Հոկտեմբերի վերջին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը

Լուսանկարը՝ ԱԺ հանրային կապերի վարչության

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին:

ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ քննարկվել են, մասնավորապես, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի Մինսկի նստաշրջանի արդյունքները, կազմակերպության պատասխանատվության գոտում իրադրության և արդի ժամանակներում հավաքական անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միջոցներին, 2018 թվականին ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, Ռուսաստանի նախագահի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման և ներդաշնակեցման հարցում 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն վերաբերող, օրակարգային այլ հարցեր:

Նիստին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Բաբլոյանի առաջարկով ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստերը կանցկացվեն Երևանում՝ հոկտեմբերի 29-30-ը: