Հանրապետական կուսակցությունում նախկինում վարչապետի մի քանի թեկնածություն է քննարկվել, և այդ քննարկումները երբեմն եղել են թեժ:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իշխող ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինս, սակայն, հրաժարվեց հրապարակել քննարկված թեկնածությունները:
«Նախկինում էլ եմ առիթ ունեցել նշելու, որ յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու: Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել և չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու: Սակայն, բնականաբար, հաշվի առնելով առկա մարտահրավերները, մենք որոշակի որոշումներ ենք կայացնում: Կուսակցությունն ունի իր ներքին կառուցվածքը, ժողովրդավարության ներքին մեխանիզմները, և այդ մեխանիզմների արդյունքում ծնվող որոշումներին դուք, բնականաբար, կտեղեկացվեք»,- լրագրողներին ասաց Դավիթ Հարությունյանը:
Մինչդեռ ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հիշեցնենք, հայտարարել էր, որ իշխող Հանրապետականը վարչապետի պաշտոնում կառաջադրի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Դավիթ Հարությունյանն այսօր, մասնավորապես, նշեց․ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կուսակցության ներսում այդ քննարկումերը բավականին բաց, երբեմն նաև թեժ են եղել։ Դետալների մասին, իհարկե, չեմ խոսելու, որովհետև դրանք ներքին կուսակցական գործընթացներ են»:
Հարությունյանն այսօր բավականաչափ սուր արձագանքեց հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցին՝ այն կոչելով «անգաժավորված» և հակասող դրույթներ պարունակող:
Չորեքշաբթի օրը հրապարակված` Freedom House-ի զեկույցը փաստում է՝ ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Ի տարբերություն կազմակերպության հրապարակած նախորդ զեկույցների, այս անգամ փաստաթղթում հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: Ըստ այդմ՝ Հայաստանը դասվել է այն երկրների շարքը, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի չգրված իշխանություն, որն էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները:
«Անշուշտ Freedom House-ը հեղինակավոր կազմակերպություն է, թեև նրա ոչ բոլոր զեկույցներն են բացարձակ օբյեկտիվ տպավորություն թողնում: Այնտեղ, որպես կանոն, կան խորհելու հարցադրումներ»,- այսօր ասաց Դավիթ Հարությունյանը, շարունակելով․ «Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրի այդ զեկույցը, ապա, կարծում եմ, զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ: Օրինակ՝ եթե Սերժ Սարգսյանը առաջադրվում է որպես վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմ, եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելայն կառավարում: Այսինքն՝ ձախ մի գնա, աջ մի գնա: Մեկ այլ օրինակ՝ խոսվում է «Սասնա ծռերի» մասին, ուսումնասիրեք այդ զեկույցը և տեսեք՝ մի տեղ հիշատակվու՞մ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Ինձ չհաջողվեց դա գտնել»:
Գնահատելով Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիները` Freedom House-ը փաստել էր, որ այդ ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է: Դավիթ Հարությունյանն ասում է․ «Ցավով պետք է նշեմ, որ առաջին զեկույցն է Freedom House-ի, որն արմատապես շեղվել է այն դասական մեթոդաբանությունից, որ նրանք կիրառում էին: Ես երբևէ չեմ տեսել զեկույցներ, որոնցում մարդկանց, քաղաքական գործիչներին որոշակիորեն պիտակավորում են: Քննադատություն՝ այո, բայց երևէ ոչ պիտակավորում»: