«Մենք ընդդիմություն ենք, և հասկանալի չի լինի կողմ քվեարկությունը»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կարծում են, որ չպետք է կողմ քվեարկեն Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածությանը, քանի որ այդ քայլից հետո ընդդիմադիր լինելու խնդիր կունենան:

«Ազատության» հետ զրույցում Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը շեշտեց, թե պետք չէ կենտրոնանալ վարչապետի անձի վրա, խոսքը քաղաքագիտական մոտեցումների մասին է:

​«Անձերը թողենք: Խոսքը գնում է հետևյալի մասին: Իշխանության թեկնածուին ընդդիմության ներկայացուցիչները, ընդդիմադիր խմբակցությունները պե՞տք է կողմ քվեարկեն, թե՞ ոչ: Սա պարզ հարց է: Բնականաբար, եթե ընդդիմություն է, իշխանության թեկնածուին դեմ է քվեարկելու: Այսինքն, իշխանության այն թեկնածուին, որը կոնկրետ իրացնելու է ծրագիր: Այստեղ արդեն անձերը երկրորդական են: Խոսքը գնում է վարչապետի և կառավարության ծրագրի մասին: Մեծ հաշվով, եթե ընդդիմությունը քվեարկում է վարչապետին, այսինքն կառավարության ղեկավարին, նշանակում է հավանություն է տալիս կառավարության ծրագրին: Դա անելուց հետո դու այլևս ընդդիմություն լինելու խնդիր ես ունենալու», - ասաց Բագրատյանը:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը կիսում է գործընկերոջ տեսակետը․ իրենք ընդդիմություն են, և ընկալելի չի լինի Հանրապետականի վարչապետի թեկնածուին կողմ քվեարկելը:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ ապրիլի 17-ին տեղի ունենալիք վարչապետի ընտրությանը «Ծառուկյան» խմբակցությունը ազատ չի քվեարկելու: Քվեարկությունը, նրա խոսքով, քաղաքական է լինելու, և «Ծառուկյան» դաշինքը պետք է քվեարկի է միակերպ․ - «Մենք ոչ թե եթե, այլ ընդդիմություն ենք, և որևէ կերպ հասկանալի չի լինի կողմ քվեարկությունը: Այո, ես համաձայն եմ պարոն Բագրատյանի հետ»:

Նկատենք, վարչապետի ընտրության համար իշխող Հանրապետականը այլ խմբակցությունների պատգամավորների ձայների կարիքը չունի: Վարչապետը ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ուստի Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ընդամենը 53 ձայն, մինչդեռ իշխող Հանրապետական խմբակցությունը ունի ավելին՝ 58 պատգամավոր:

Այլ էր, հիշեցնենք, նախագահ Արմեն Սարգսյանի ընտրության դեպքում: Առաջին փուլով ընտրվելու համար նրան անհրաժեշտ է 79 ձայն, և առանց «Ծառուկյան» դաշինքի օգնության Հանրապետականն իր թեինածուին առաջին փուլով ընտրելու հնարավորություն չէր ունենա:

Ուրեմն ինչո՞ւ իշխանության նախագահի թեկնածուին Գագիկ Ծառուկանի ղեկավարած ուժը որոշեց կողմ քվեարկել, իսկ վարչապետի ընտրության հարցում այլ մոտեցումներ են հնչում:

Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը շեշտում են, թե Հանրապետականի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի քվեարկության ժամանակ խնդիրն այլ էր, իրենք կողմ են քվեարկել, քանի որ Արմեն Սարգսյանը անկուսակցական է և գործադիր իշխանություն մաս չէ :

Հետևաբար, կողմ քվեարկելով նախագահի իշխանության թեկնածուին, կասկածի տակ չեն դրել իրենց ընդդիմադիր լինելու փաստը։

Նաիրա Զոհրաբյան․ - «Մենք մեր հիմնավորումը ներկայացրել ենք․ Արմեն Սարգսյանը անկուսակցական է․․․ Էստեղ տարբեր խնդիրներ կան: Մեր քննարկման ժամանակ, նաև իր հետ հանդիպման ժամանակ մեր տեսակետը ներկայացրել ենք: Սրանք, կարծում եմ, իրենց բովանդակային և քաղաքական առումով տարբեր քվեարկություններ են»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյան

Սերգեյ Բագրատյան․ - «Արմեն Սարգսյանը քաղաքականություն չի իրականացնում, գործադիր իշխանություն չի: Արմեն Սարգսյանի լիազորությունները արարողակարգային են: Ճիշտ է, ինքը Սահմանադրությամբ պետության գլուխ է համարվում, բայց [նախագահի պաշտոնը] ապակուսակցական պաշտոն է: Նրա թեկնածությունն առաջարկողն էր Հանրապետական կուսակցությունը: Դա չի նշանակում, որ իրենց թեկնածուն էր: Հենց մեր քվեարկությունը տվեց Արմեն Սարգսյանին՝ Հանրապետության նորընտիր նախագահին, լրացուցիչ ազատություն, որ նույնիսկ առաջարկող քաղաքական ուժը այլևս որևէ կերպ չի կարող շահարկել այդ փաստը, որ ինքն է առաջարկել, որովհետև լայն կոնսոլիդացիայով, այսինքն 96 պատգամավոր քվեարկել է, և ինքը որևէ քաղաքական ուժի առջև այլևս հետին հայացքով պատասխանատվություն չունի: Ինքը ազատ է իր գործողություններում․ այն, ինչ որ մենք ցանկանում էինք տեսնել»:

Երեկ, հիշեցնենք, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե պաշտոնական որոշում դեռ չունեն, բայց արդեն պարզ է, որ վարչապետի պաշտոնում կառաջադրեն կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչպես Շարմազանովը ձևակերպեց՝ այլ անուն որևէ մեկի մտքով չի էլ անցել:

«Ծառուկյան» խմբակցությունում սպասում են Հանրապետականի պաշտոնական որոշմանը, որից հետո ընդդիմադիր դաշինքը նիստ կհրավիրի, որտեղ, ինչպես պատգամավորներն են վստահցենում, յուրաքանչյուրն ազատորեն ներկայացնելու է իր տեսակետը: Ինչպես Սերգեյ Բագրատյանը շեշտեց՝ Գագիկ Ծառուկյանը ազատ քննարկման կողմնակից է:

Մի հատված Սերգեյ Բագրատյանի հետ զրույցից․

«Ազատություն»․ - Դուք ասում եք, որ քաղաքագիտական առումով սխալ կլինի, որպեսզի «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի իշխանության թեկնածուին: Բայց եթե որոշում կայացվի, Դուք դեմ կգնա՞ք այդ քաղաքագիտական սկզբունքներին, նորմերին»:

Բագրատյան․ - Այն, ինչ հիմա ես ասեցի Ձեզ, խմբակցությունում արտահայտելու եմ, փորձելու եմ հիմնավորել:

«Ազատություն»․ - Բայց եթե Ծառուկյանը որոշեց, որ պետք է կողմ քվեարկեք Սերժ Սարգսյանին, կքվեարկե՞ք կողմ:

Բագրատյան․ - Ուրեմն մեկընդմիշտ վստահ իմացեք՝ պարոն Ծառուկյանը նման հարցեր թողնում է բացարձակ ազատ քննարկման և քանիցս ապացուցել է․․․ Իր կարծիքը մենք այդպես էլ չենք լսում: Վերջնական մշակված կարծիքի հետ կապված ինքը իր մոտեցումն արտահայտում է, որը չի տարբերվում մեր ընդհանուր կարծիքից, առնվազն՝ որակյալ մեծամասնության կարծիքից: