Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլիան, ով անցած ամսվա սկզբին հոր հետ թունավորվել էր նյարդապարալիտիկ նյութով, հայտարարել է, թե այս պահին Ռուսաստանի որևէ տեսակի օգնության կարիքը չունի:
Բրիտանական ոստիկանությունը երեկ նրա անունից հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. - «Ես տեղյակ եմ, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները պատրաստ են ինձ օգնություն տրամադրել: Ես առայժմ չեմ ուզում օգտվել նրանց ծառայություններից, սակայն, եթե մտափոխվեմ, գիտեմ՝ ինչպես է պետք նրանց հետ կապ հաստատել»:
Մոսկվան կասկածի տակ է դրել այս հայտարարության իսկությունը: «Մենք շարունակում ենք պահանջել հանդիպում Յուլիա և Սերգեյ Սկրիպալների հետ, նրանց շուրջ իրավիճակը ավելի ու ավելի է հիշեցնում բռնի մեկուսացում կամ ազատազրկում», - հայտարարել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը:
Հիշեցնենք, երկու օր առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել Սոլսբերիի հիվանդանոցից, որտեղ նա և հայրը տեղափոխվել էին մարտի 4-ին՝ թունավորումից հետո:
Սկրիպալների վրա քիմիական «Նովիչոկ» նյութով հարձակման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին: Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն: