ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու․ Ռուսաստանի նկատմամբ մեղմ քաղաքականության տարիներն ավարտվել են

Մայք Փոմփեո, արխիվ

Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան մեղմ քաղաքականության տարիներն ավարտվել են, կարծում է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Փոմփեոն, ով այսօր ներկայացնելու է իր տեսակետը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ իր թեկնածության շուրջ լսումների ժամանակ:

Հղում անելով ելույթի տեքստին՝ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, թե Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարը առավել կոշտ է տրամադրված Կրեմլի նկատմամբ և պատրաստվում է պնդել, որ «Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ գործողությունները, ինչը Դոնալդ Թրամփի վարչակազմը համարում է սպառնալիք Ամերիկայի դեմ»:

Նահանգների նոր պետքարտուղարի թեկնածուն միաժամանակ վստահ է, որ անհրաժեշտ է պահպանել Մոսկվայի հետ երկխոսության հնարավորությունը և տարաձայնությունները հարթել դիվանագիտության օգնությամբ:

Թեև ելույթի տեքստում Փոմփեոն չի խոսում ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին, ակնկալվում է, որ սենատորները հարցեր կտան նաև այդ թեմայի վերաբերյալ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը թափուր է մարտի 13-ից, երբ նախագահ Թրամփը պաշտոնանկ արեց Ռեքս Թիլերսոնին՝ մի շարք հարցերում առկա տարաձայնությունների պատճառով: